Ողջ իրականությունը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման եվ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության եվ ՀԱՐԱԿԻՑ օրենքներ» կոչվող խեղկատակության մասին

Մոտ օրերս ԱԺ-ն պատրաստվում է լսումներ անցկացնել վերոհիշատակյալ վերնագրով խեղկատակության շուրջ։ Մինչ այդ՝ լսումներ է պլանավորված Մատենադարանում՝ «արդարադատության» նախարարության նախաձեռնությամբ, իսկ նախքան այդ էլ՝ նախագիծը դրված էր օնլայն «քվեարկության»՝ ոչ պակաս կասկածելի կայքում։ 

Հիմա հերթով անդրադառնանք այս կրկեսի բոլոր համարներին։
Նախ «քվեարկություն» կոչված խեղկատակությունը շատ արագ բացահայտվեց համացանցում տարածված մի գրառման շնորհիվ (նկ.), որից պարզ դարձավ, որ տվյալ կայքում «դեմ» կամ «կողմ» կարելի է քվեարկել ցանկացած նախագծի օգտին, նախապես բացվող կեղծ էլեկտրոնային հասցեների միջոցով, ինչը հենց խորհուրդ էին տալիս անել օրինագծի ջատագով մի շարք օգտատերեր (այդ թվում և սեռական փոքրամասնությունների ակտիվ պաշտպան կառույցներ), ովքեր մինչ այդ էլ աչքի էին ընկել իրենց ամբարտավան պահվածքով (այս վերջինն առանձին քննարկման նյութ է)։
Նկ.

Սա փաստում է, որ ոչ միայն տվյալ «քվեարկությունը», այլ «կայքն» ընդհանրապես թյուրիմացություն է, որում ստացված «արդյունքների» հավաստիությանը միայն տգետը կարող է հավատալ։

Ինչ վերաբերվում է «օրինագծին».

Չնայած այն հանգամանքին, որ դրա ակտիվ ջատագովները պնդում են, թե այն չի պարունակում համասեռամոլության և դրան վերաբերվող տարրեր, այնուամենայնիվ, նշված նախագծում վերասահմանվում է ամուսին հասկացությունը. Մասնավորապես.

Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները

2) ամուսին՝ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ամուսնությունը գրանցած, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓԱՍՏԱԿԱՆ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ.

Սա փաստացի շրջանցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ՏՂԱՄԱՐԴՈՒ և ԿՆՈՋ միջև կազմված ամուսնությունը, ամուսին հասկացությանը կցելով նաև ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց (առանց սահմանելու նրանց սեռը և այլն)։

Այս ամենը միգուցե այդչափ վտանգավոր չթվար, եթե նույն հոդվածի առաջին կետով չսահմանվեր որդեգրող ծնողի ամուսին, ինչպես նաև մի շարք անհասկանալի այլ եզրույթներ օրինակ՝ համահայր, համամայր.

Այսպես.

1) ընտանիքի անդամներ՝ ամուսին, ծնող (մայր կամ հայր)՝ այդ թվում՝ խորթ ծնող, որդեգրող ծնող, խնամատար ծնող, երեխա (նաև՝ որդեգրված, խորթ, հոգեզավակ), տատ, պապ, քույր և եղբայր (նաև՝ ՀԱՄԱՄԱՅՐ ԿԱՄ ՀԱՄԱՀԱՅՐ), ՈՐԴԵԳՐՈՂ ԾՆՈՂԻ ԱՄՈՒՍԻՆ, ամուսնու ծնողներ և քույր և եղբայր, վերջիններիս համար՝ փեսան և հարսը.

(Մի պահ տեխնիկական վրիպակ համարենք ծնող հասկացության մոտ մայր ԿԱՄ հայր ձևակերպումը , կամ ենթադրենք, որ այն կազմողն հավանաբար չի ունեցել նրանցից մեկը կամ մյուսը և աշխարհ է եկել միայն մեկ ծնողի ջանքերով՝ առանց երկրորդի անմիջական մասնակցության, և այդ է պատճառը, որ ծնող հասկացությունը ասոցացվում է միայն մեկ տարբերակի հետ)։

Մի փոքր առաջ անցնելով՝ բացենք փակագծերը։ Ըստ էության, սա անուղղակի հող է նախապատրաստում և չի բացառում, որ ինչ-ինչ պատճառաբանություններով որևէ ընտանիքից խլված երեխայի կարող են որդեգրման տալ ինչ-որ մի մըսյոյի, որը կունենա ամուսին՝ այլ երկրում գրանցած համասեռ ակտով (որդեգրող ծնողի ամուսին)։ Ընդ որում՝ համահայր եզրույթն, արդեն իսկ լեգալիզացվում է՝ վերոհիշատակյալ կետով։

Հաջորդը. «օրինագիծը» սահմանում է բռնության… չէ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ տեսակները, մասնավորապես նշելով.

2. Ընտանեկան բռնության տեսակներն են՝

1) ֆիզիկական բռնություն` ծեծը, կամ դիտավորությամբ ֆիզիկական ցավ կամ ֆիզիկական տառապանք պատճառելը, կամ ցանկացած եղանակով առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, ինչպես նաև ազատությունից ապօրինի զրկելը.

2) սեռական բռնություն` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները.

3) հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը.

4) տնտեսական բռնություն` դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաև անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը:

Նախքան դրույթներին առանձին-առանձին անդրադառնալը, տարակուսանք հայտնենք մի հանգամանքի վերաբերյալ. սրանից ընդամենը մի քանի տարի առաջ, օրենքի ջատագովների այս նույն բույլը, կոկորդ էր պատռում, որ հնարավոր չէ սահմանել, թե ինչ բան է բռնությունը, որտեղ է սկսվում կամ ավարտվում բռնության սահմանները, երբ «հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնությունն հանդես էր եկել առաջարկություններով՝ եթերներից մաքրել բռնության ակնհայտ քարոզ պարունակող սերիալներն ու նման բնույթի հաղորդումները, ինչպես նաև ստեղծել փորձագիտական-մասնագիտական խումբ, որը կվերահսկի եթերի որակն ու բովանդակությունը։

Անշուշտ, կարելի է զարմանալ, թե ինչպես «անսահմանելին» այդ մարդկանց համար հանկարծ դարձավ «հստակ սահմանելի», բայց կարծում ենք, սա միակ զարմանահրաշ պահը չէ այս թատրոնում։

Մասնավորապես.

Բերվող առաջին կետը ենթադրում է, որ բոլոր վիրաբույժները, վնասվածքաբանները… բռնարարներ են, քանի որ դիտավորությամբ ֆիզիկական ցավ, կամ ֆիզիկական տառապանք են պատճառում իրենց պացիենտներին (ուզած-չուզած)։ Ավելին, օրինակ, սեփական երեխայի կամ ընտանիքի անդամի վերքը մշակելիս կամ մատից փուշ հանելիս, նրան պատճառած ցավը՝ լրիվ ապահովում է բռնարարի «օրինական» համբավը։ Այս շարքը կարելի է երկար շարունակել, բայց անցնենք առաջ։ Նույն կետը սահմանում է «ազատությունից ապօրինի զրկել» եզրույթը։ Փաստորեն, շրջանցելով համաշխարհային փիլիսոփայական գիգանտներին, ովքեր ցայսօր չեն կարողացել վերջնականապես սահմանել «ազատություն» եզրույթը, այս «օրենքի» «ճարտարապետները» քայլ առաջ են արել՝ սահմանելով չսահմանվածից զրկելը։ Օրինակ, ի՞նչ ազատություններ ունի երեխան։ Արդյո՞ք կեսգիշերային փողոցային խրախճանքները ներառվում են երեխայի ազատության սահմաններում, և արդյո՞ք կեսգիշերային փողոցային խրախճանքներից անչափահասին կտրելը՝ նրա ազատությունների սահմանափակում չէ։ Կամ, երբ դպրոցական առաջադրանքները չկատարած երեխային արգելվում է բակում խաղալ՝ մինչև նա չավարտի իր տնային առաջադրանքները, արդյո՞ք, սա համարվում է ազատության սահմանափակում։ Չակնկալելով որևէ պատասխան այս հռետորական հարցին, այն թողնենք իբրև առիթ՝ մտորելու «փիլիսոփայական նոր դպրոցի հանճարներին», իսկ մենք անցնեք առաջ.

«Փիլիսոփայական և իրավական մտքի տիտանները», գերազանցելով իրենք իրենց, «սահմանել են» հոգեբանական և տնտեսական բռնություն եզրույթները.
Ավելին, առաջ են քաշում «սոցիալական ծայրահեղ մեկուսացում» եզրույթը, որն ինքնին անհասկանալի է իր ողջ էությամբ։

Օրինակ, երբ երկրում աղքատության ցուցանիշները պաշտոնական տվյալներով մեծ թվերի են հասնում, և սա ենթադրում է, որ մի շարք ծնողներ ի վիճակի չեն ապահովելու իրենց երեխայի բոլոր քմահաճույքները, ինչի պատճառով երեխան կարող է հոգեբանական ծանր ապրումներ ունենալ, պարբերաբար նվաստացած համարել իր արժանապատվությունը՝ հասակակից ունևոր երեխաների հետ համեմատությամբ, ինչը կարող է դրդել նրան մեկուսանալ նրանցից… արդյո՞ք սա համարվում է հոգեբանական բռնություն։ Իսկ եթե ծնողը երեխայի դաստիարակչական և առողջական նկատառումներով նրան արգելում է օրվա ֆիքսված ժամաքանակից ավելի նստել հեռուստացույցի կամ համակարգչի էկրանի մոտ, նշելով, որ եթե այդպես շարունակի, նա կկորցնի տեսողությունը, արդյո՞ք սա դիտավորությամբ հոգեբանական ուժեղ տառապանք պատճառել է, իսկ մի գուցե՝ սոցիալական ծայրահեղ մեկուսացու՞մ…

Նույնը վերաբերվում է «տնտեսական բռնությանը», հատկապես, երբ ծնողը շաքարախտով հիվանդ երեխային դիտավորությամբ զրկում է օրական վեցերորդից ավելի շոկոլադ ուտելուց, որի նկատմամբ նա ունի օրենքով սահմանված տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք… Կարծում եմ՝ կարիք չկա շարունակելու այսպիսի օրինակներով հարցադրումները, որոնք բազմաթիվ են։ Քանի որ, փորձը ցույց է տվել, որ հասկացողն առանց այդ էլ հասկանում է այս ամենը, իսկ «յուրահատուկ անհասկացողներն»՝ առանձնապես հակված չեն հասկանալու….

Անցնենք առաջ.

Սույն նախագիծը ջախջախում է պետական ողջ համակարգը և փաստացի առաջարկում է պետության մեջ ստեղծել մի նոր «պետություն»՝ լիազոր մարմնի կամ աջակցության կենտրոն անվանմամբ, որոնց անդամներների կազմը ևս սահմանվում է հստակ չափորոշիչներով։ Ընդ որում, անդամակցելու իրավունք են ստանում վերջին տարիներին նմանատիպ գործունեություն ծավալած կազմակերպությունների ներկայացուցիչները։

Ավելի ստույգ պատկերացնելու համար, թե ինչպիսի գործունեություն են ծավալում այդ կազմակերպությունները, կնշեմ նրանց կազմակերպած բազմաթիվ սեմինարներին հնչեցվող «խոհափիլիսոփայական մտքի» անկյունաքարերից մեկը. Նրանց կարծիքով, հայ ընտանիքում երեխային բավականին հաճախ են ուղարկում ջրի, խանութ, աշխատեցնում գյուղում և այլն, ինչն իր մեջ թրաֆիկինգի ուղղակի և բարձր ռիսկեր է պարունակում։

Այսպիսով, համաձայն այս կազմակերպությունների՝ հայկական գյուղերում երեխաների ճնշող մեծամասնությունը անխնա շահագործվում է ծնողների տնտեսական նպատակներով և թրաֆիկինգի զոհ է։ Եւ սույն օրենքի նախագիծը սրանց ընձեռնում է գրեթե անսահմանափակ հնարավորություններ՝ տնօրինելու այդ երեխաների և նրանց ընտանիքների ճակատագրերը։ Ավելին, նրանց իրավունք է տրվում անգամ շրջանցել դատարանները, մասնավորապես.

2. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը չի կարող գերազանցել քսան օրը: Եթե անհետաձգելի որոշման գործողության ընթացքում դատարանը քննում է պաշտպանական որոշման դիմում, ԱՊԱ ԱՅՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՆՈՒՄ ՄԻՆՉԵՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ:

Լիազոր կոչված մարմինը ինքն է որոշում ԵՆԹԱԴՐՅԱԼ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾԻՆ (ի դեպ, սա ևս «իրավագիտական մտքի տիտանների» նորամուծությունն է՝ սույն նախագծի բազմաթիվ «նորամուծությունների» շարքում հերթականը), տեղափոխել ապաստարան, ինչպես նաև սահմանել ապաստարանում մնալու ժամկետները։

Այսպես.

«Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով: Ապաստարանում գտնվելու ժամկետը որոշվում է ապաստարանի կողմից՝ շահառուներին համապատասխան օգնություն ցույց տվող մասնագետների առաջարկությամբ»:

Նույն կառույցին իրավունք է տրվում.

3) արգելել ընտանեկան բռնություն գործադրած անձին` 100 մետրից ավելի մոտենալ ընտանեկան բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց.

8) ընտանեկան բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել անցնել բուժում ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, խաղամոլությունից, թունամոլությունից և (կամ) ստանալ հոգեբանական աջակցություն.

Դե իսկ ինչ վերաբերվում է «հաշտեցման» գործընթացին, այստեղ ևս՝

«Ընտանեկան բռնության ենթարկված և ընտանեկան բռնություն գործադրած անձանց միջև հաշտարարությունն իրականացվում է անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների գործողության ընթացքում՝ Լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով»:

Ավելին.

«Աջակցության կենտրոնը դադարեցնում է հաշտեցման գործընթացը, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ ընտանեկան բռնության ենթարկված անձը դրան մասնակցում է սպառնալիքների ազդեցության ներքո»:

Եթե այս ամենին գումարենք նաև այն, որ ապաստարան կոչված կառույցները ֆինանսավորվում են ոչ միայն բյուջեյից, այլ նաև այլ աղբյուրներից, ինչպես նաև, նրանց բյուջեն գոյանում է՝ հաշվի առնելով ապաստարանում տեղավորված անձանց քանակությունը (բնականաբար՝ նրանց համար «լավագույն պայմաններ ստեղծելու» պատճառաբանությամբ), ապա կարելի է եզրակացնել, որ այդ կառույցների բյուջեն տնօրինողները ուղղակի շահագրգռվածություն պետք է ունենան ժամանակի ցանկացած պահին հնարավոր առավելագույն թվով «շահառուների» «ապաստարաններում» «պատսպարելու» գործում։ Տարօրինակ է, որ առավոտից-երեկո Հայաստանում ահռելի կոռուպցիոն ռիսկերի մասին ճամարտակող ՀԿ-ների այդ ներկայացուցիչները «աչք են փակում» կոռուպցիոն այս ուղղակի ռիսկերի վրա։ (Տարօրինակ կլիներ, եթե ամենն այդքան ակնառու չլիներ)։

Ավելի լավ ըմբռնելու համար սույն «նախագծի» ողջ անհեթեթությունը, վերոշարադյալն հաշվի առնելով, պատկերացրեք այսպիսի իրավիճակ.

Ենթադրյալ բռնարար Արմենը սովորություն ունի բուռն կրքով սիրելու իր տիկնոջը, ինչը պարբերաբար խաթարում է նրանց հարևան՝ լիազոր մարմնի անդամ մադմուազել Արփինեի քունը։ Սույն մադմուազելը, իրեն տրված լիազորություններով, ինչպես նաև արդեն իսկ անց կացված «անանուն վկայություն տալու» օրինական ուժով, իր մտահոգություններն է հայտնում Լիազոր մարմնի ղեկավար մըսյո Դավիդին, որ ենթադրյալ բռնարար Արմենը ենթադրյալ բռնության է ենթարկում իր տիկնոջը, և որպես հարցի լուծում՝ առաջարկում է մեկուսացնել Արմենին՝ նրան պարտադրելով անցնել բուժում ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, խաղամոլությունից և ստանալ հոգեբանական աջակցություն, իսկ նրա անսեր մնացած և դրա հետևանքով խորը հոգեբանական բռնության ենթարկված տիկնոջը՝ տեղափոխել «ապաստարան» մի որոշ ժամանակով, մինչև կանցնի ենթադրյալ բռնության վտանգը։

Այդ ընթացքում, բնականաբար, Արմենը պարտավոր է կատարել վճարումներ՝ տիկնոջ բարեկեցությունն ապաստարանում (որի գտնվելու մասին ոչ ոք իրավունք չունի նրան հայտնելու) ապահովելու համար, ընդ որում, այդ նպատակի համար, ասենք, ՄըքՋոնընդՔենզի հիմնադրամից ևս՝ մի կլորիկ գումար կտեղափոխվի մադմուազել Արփինեի և մըսյո Դավիդի տնօրինության տակ եղած հաշվեհամարին։ Եւ քանի որ միշտ կա ռիսկ, որ տիկինը, միգուցե, բռնության սպառնալիքների և հնարավոր ճնշումների ներքո է պնդում՝ որ իրականում ոչ մի բռնություն էլ չկա, որ նրանք պարզապես մի փոքր ավելի բուռն են սիրում իրար՝ քան թույլատրվում է լիազոր մարմնի սահմանած հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական և սեռական բռնության ստանդարտներով, ապա նրանց հնարավոր «հաշտեցումը» կարող է երկարաձգվել այնքան…. ինչքան որ ցանկանում են մադմուազել Արփինեն և մըսյո Դավիդը։ (Դե իսկ նրանք իրենց փայ փողի տերն են, հո էշ չե՞ն հաշտեցնեն դրանց….)։

Ավելին, նախագիծը, սահմանում է նաև «պոտենցյալ բռնարար» հասկացությունը, որից ելնելով, առանձին կետով թույլատրում է պրոֆիլակտիկ հաշվառման վերցնել հավանական բռնարարին, ինչը ենթադրում է ամսեկան մեկ անգամից ոչ պակաս «այցելություն» պոտենցյալ բռնարարի ընտանիք (ունենալով գործողությունների անսամանափակ հնարավորություններ)։

Ինչ վերաբերվում է պարբերաբար հնչեցվող «սահմռկեցուցիչ վիճակագրական տվյալներին»։

Կան տեղեկություններ, որ տարատեսակ ՀԿ-ներ «բարեգործական» գումարներ են հատկացնում «տնտեսական բռնության» ենթարկված կանանց։ Այլ կերպ՝ կանայք, ովքեր կլրացնեն փաստաթղթերը և կստորագրեն, որ պարբերաբար բռնության են ենթարկվում իրենց ամուսինների կողմից, որոնք նրանց զրկում են գումարի տնօրինումից և այլն, կստանան կլորիկ գումարային աջակցություն՝ սեփական «բիզնեսն» ունենալու համար։
Բնականաբար, խոշոր տրամաչափի շուլեր չինովնիկները անկարող էին օրինակ չծառայել մանր տրամաչափի շուլեր բնակչության համար… Եւ, քանի որ մի շարք «մտահոգ այրեր», խիստ մտահոգված լինելով իրենց բարեկեցությամբ, տևական ժամանակ մոռացել են հանրային բարակեցության մասին՝ հանրությանը թողնելով ծայրահեղ ծանր տնտեսական պայմաններում՝ օր-օրի աճող արտաքին պարտքով և աղքատության սարսափելի ցուցանիշներով (ինչի մասին բազմիցս վկայել են հենց նույն պաշտոնատար անձինք), բնականաբար, հանրության «առավել ճարպիկ» ներկայացուցիչները հետ չեն մնում խոշորներից։ Կարճ՝ փոխադարձ պայմանավորվածությամբ, կինը «աջակցության» կենտրոնում «վկայություն է թողնում» «տնտեսական բռնության փաստի» վերաբերյալ, ստանում է խոստացված գումարը, որը տնօրինում են «ճարպիկ ամուսինները»։ Սա «վիճակագրական սարսափելի պատկերի» ձևավորման մի պարզ օրինակ։

Իհարկե, քաջ գիտակցում եմ, որ բացահայտելով այս սխեման, մի շարք «ճարպիկներ» կզրկվեն ՀԿ-ների աջակցություններից, քանի որ դրանք էլ ստիպված կլինեն խստացնել վերահսկողության մեխանիզմները։ Բայց ինչպես ասում են՝ հանրային լավագույն շահը ստիպում է բացել որոշ խաղաքարտեր։

Իսկ խաղաքարտերը բազմաթիվ են.

Արդեն իսկ տարատեսակ ՀԿ-ներ զանազան հարցումներ են անց կացնում Հայաստանի շրջաններում, որոնց մեջ ներառված են նաև ընտանիքներում երեխայի սննդային ռացիոնը (որքան միս, կարագ, կաթ և այլն է օգտագործում երեխան օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա կտրվածքով)։ Բնականաբար՝ տնտեսական հիշատակվող ցուցանիշների պարագայում, դժվար է պատկերացնել, թե քանի ընտանիք է ապահովում «միջազգային ստանդարտներին» համապատասխան ռացիոն։ Ավելին, շատերը մեծ ոգևորությամբ լրացնում են այդ հարցաթերթիկները, ակնկալելով, որ շուտով պետք է օգնություն ստանան՝ մսի, կարագի, մեղրի տեսքով՝ արտասահմանյան «բարի քեռիներից»։

Խեղճ միամիտներ, որտեղի՞ց կարող էին պատկերացնել, որ մսի, կարագի փոխարեն՝ վերոհիշատակյալ խորագրով խեղկատակություն պիտի փորձեն փաթաթել իրենց վզին, որն ուղղակի սահմանում է, որ «երեխայի լավագույն շահից» է բխում, նրան վերցնել իր «աղքատ» ծնողներից և հանձնել «բարեկեցիկ» ընտանիքներին «ի պահ և ի շահ»…. Դե, իսկ եթե սրան էլ գումարենք, հայկական գյուղերում «երեխաների անխնա շահագործումը»՝ դաշտերում, այգիներում և այլուր…., ապա, այս ամենից հետո, սեփական ծնողներին ծերանոցների դռները նետող մըսյոների և մադամների մոտ, որոնք ժամանակի հորձանուտներում հասցրել են «զարգացնել ընտանեկան ավանդույթների չնաշխարհիկ մոդելներ», չի կարող լինել երկրորդ կարծիք առ այն, որ «այս վայրենի հայերը իրավունք չունեն երեխա դաստիարակելու, և խիստ տարօրինակ է և զարմանալի, թե ինչպես են նրանք անհիշելի ժամանակներից հասել մինչ մեր՝ քաղաքակրթական աստիճանի այս բարձր նշաձողով օրերին…»։

Եվ ոչ-ոք չի հարցնի, այդ «հարգարժան պարոններին» (որոնք «այդչափ մտահոգված են հայ մանուկների ճակատագրով»), թե ինչու՞, ինչու՞ գեթ մեկ անգամ հասցեական չեք դատապարտում հարևան թշնամական պետությանը, որը գնդակոծում է սահմանամերձ դպրոցներն ու մանկապարտեզները, այդպիսով, ենթարկելով երեխաներին ոչ թե ենթադրաբար, այլ ուղղակի բռնության՝ և՛ հոգեբանական, և՛ ֆիզիկական…. Ի՞նչ… միգուցե սկսենք դատարկե՞լ մեր սահմանամերձ գյուղերը բնակչությունից և երեխաներից, քանի որ նրանց «լավագույն շահը» ենթադրում է տեղափոխել «առավել անվտանգ վայր»։
Կարիք կա՞, արդյոք, շարունակելու մերկացնել այս «օրենսդրական նախաձեռնություն» կոչվող խեղկատակությունն իր ողջ «հմայքով», թե՞ այսքանն էլ բավական է։
Նրանց, ում դեռ բավական չէ, առաջարկում եմ դիտել Նենսի Շեյֆերի հայտնի ելույթի այս տեսագրությունը (ինչից հետո, ի դեպ, նրան ամուսնու հետ միասին սպանված են գտել իրենց տանը)։

https://www.youtube.com/watch?v=04wXVNhu0hc&feature=youtu.be

Իսկ ինձ մնում է ավելացնել, որ այս նախագծին ծանոթանալուց հետո կողմ արտահայտվելու համար պետք է լինել կամ կատարյալ ապուշ, կամ կատարյալ սրբապիղծ։ Ինքներդ որոշեք, թե որն է առավել համապատասխանում ձեզ մըսյոներ, մադմուազելներ և մադամներ…

 Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում