Արա Աբրահամյան. Երջանիկ եմ որ կառուցել եմ ռուսական եկեղեցի
Նմանատիպ
Վլադիկավկազի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսի ձեռամբ այսօր օծվել է Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին: Ինչպես տեղեկացնում է Times.am-ը, յոթ տարի տևած շինաշխատանքներից հետո եկեղեցին այսօր իր դռները բացեց Հայաստանում բնակվող ռուս հավատացյալների առջև:
Սուրբ Խաչ ռուսական ուղղափառ եկեղեցին կառուցվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ և նրա միջոցներով: Վերջինս, լրագրողների հետ զրույցում ասել է, որ շատ երջանիկ է ռուսական եկեղեցի կառուցելու համար։
«Ոչ մի ռուբլի ոչ մեկ չի աջակցել, բայց ինձ աջակցել է կառավարությունը, լավ գործ է, չի եղել մի մարդ, որ դեմ լինի, որ մենք այստեղ եկեղեցի կառուցենք» – ասել է Արա Աբրահամյանը:
Ռուսաստանի հայերի միության նախագահն ասում է՝ եկեղեցին ուղղափառների նոր աղոթատուն լինելուց բացի խորհրդանշում է երկու ժողովուրդների և եկեղեցիների բարեկամությունն ու գործակցությունը:
«Ցույց տանք, որ մենք եղբայրներ ենք, մենք էլ իրենց ենք ընդառաջ գնում»:
Արա Աբրահամյանը նկատի ունի ռուսական իշխանությունների աջակցությամբ Ռուսաստանում կառուցված 100 հայկական եկեղեցիներն ու դրանց կից գործող հայկական դպրոցներն ու մշակույթի կենտրոնները, որոնց օգնությամբ այնտեղ ապրող հայերը կարողանում են պահպանել մայրենի լեզուն, հայկական մշակույթն ու ավանդույթները:
ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ- Շատ կարևոր է, որ մենք էլ կարող ենք մի բան կառուցել և նրանց նվիրել, դա շատ սիմվոլիկ է:
Սուրբ Խաչ եկեղեցու զանգերի ու խաչերի օծման արարողությունը տեղի էր ունեցել երկու տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Իսկ ապրիլի 24-ին նորօծված զանգերը 100 անգամ ղողանջել էին՝ ի նշան ցեղասպանության զոհերի հիշատակի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում