Ի՞նչ տվեց ԱԱ 2018-ի ընտրական փուլը Հայաստանի հավաքականին

Հայաստանի ազգային հավաքականը տապալեց Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլը՝ իր խմբում զբաղեցնելով նախավերջին հորիզոնականը: Եթե նայենք միայն աղյուսակին, ապա ամեն ինչ օրինաչափ է՝ Հայաստանից բարձր գտնվող բոլոր 4 հավաքականները՝ Ռումինիան, Չեռնոգորիան, Դանիան և Լեհաստանն ավելի ուժեղ թիմեր են: Այնուամենայնիվ, երկրպագուները դժգոհ են մեր հավաքականի ցուցադրած խաղից, ֆուտբոլիստների նվիրվածությունից և գլխավոր մարզչի որոշումներից: 

Sport.Times.am-ը վերլուծել է Հայաստանի հավաքականի ելույթներն ընտրական փուլում՝ հասկանալու համար՝ ինչ տվեց այն մեր ընտրանուն:

Վարուժան Սուքիասյանի շրջանը

Հայաստանի հավաքականն ընտրական փուլը սկսեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ: Մեկնարկային երեք խաղերում նույնքան պարտություններից հետո (Դանիա-Հայաստան՝ 1:0, Հայաստան-Ռումինիա՝ 0:5, Լեհաստան – Հայաստան՝ 2:1), Սուքիասյանը հեռացավ: Միայն արդյունքներին նայելով՝ կարելի է նշել, որ տվյալ ժամանակահատվածում գրեթե ոչ մի դրական երևույթ չի եղել:

Արթուր Պետրոսյանի ֆանտաստիկ մեկնարկն ու անփառունակ ավարտը

Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ առաջին հանդիպումը խելահեղ ավարտ ունեցավ: Հաշվի մեջ պարտվելով երկու գնդակի տարբերությամբ՝ մեր հավաքականը կարողացավ 3:2 հաշվով հաղթանակ տոնել: Բայց որքան էլ պարադոքսալ հնչի, հենց այս հաղթանակից հետո ճիշտ հետևություններ չանելը բերեց այսպիսի տխուր ավարտի: Հաջորդ խաղը մեր հավաքականն անցկացրեց 4.5 ամիս հետո՝ 2017 թվականի մարտի 26-ին՝ Ղազախստանի դեմ: Հսկայական ժամանակահատված որևէ նոր բան մտածելու, ստեղծագործելու, խաղային ձեռագիր ունենալու համար, բայց…

Հասկանալի է, որ սա ակումբային ֆուտբոլ չէ, և թիմը տարվա մեջ մի քանի անգամ է կարողանում հավաք կազմակերպել, սակայն անձամբ մարզիչը կարող էր ինչ-որ միտք, նորարարություն առաջարկել Ղազախստանի և հետագա խաղերի համար: Արդյունքում, ղազախների դեմ խաղի 60 րոպեներն անցան մեր հավաքականի որոշակի առավելությամբ, ինչից հետո էլ մրցակիցը մնաց 10 հոգով: Նույնիսկ թվային առավելություն ունենալով, մեր ընտրանին դժվարությամբ կարողացավ հաղթանակ տոնել: Ամբողջ երկրորդ խաղակեսում, որի 30 րոպեներն անցել են հայերի թվային առավելությամբ, ղազախների դարպասին կատարվել է ընդամենը 2 հարված:

Առաջարկում ենք կարդալ` «Չեռնոգորիա – Հայաստան. Պարտության պատճառները (վերլուծություն) »

Մեղավո՞ր է Արթուր Պետրոսյանը

Դժվար թե գտնվի մի թիմ կամ հավաքական, որի վատ ելույթների մեջ իր մեղքի բաժինը չունենա գլխավոր մարզիչը: Իհարկե, Արթուր Պետրոսյանը մեղավոր է մեր հավաքականի վատ և դժգույն խաղի համար, բայց նրան չի կարելի մեղադրել, որ իր թիմի ֆուտբոլիստները մինչև վերջին ուժերը չեն ներդնում խաղերի ժամանակ: Արթուր Պետրոսյանն առաջինը չի ցանկանա նման պահվածքով ֆուտբոլիստ ունենալ իր թիմում:

Խաղային առումով, կարծում եմ, մեր հավաքականի մարզիչը թերացել է: Իհարկե, դժվարություններ շատ են եղել. անտեղի որակազրկումներ և վնասվածքներ, որոնք լուրջ խնդիրներ են առաջացրել մեկնարկային կազմի ընտրության համար: Այն 7 պաշտոնական խաղերի ընթացքում, երբ թիմը մարզել է Արթուր Պետրոսյանը, մեր հավաքականը չի ունեցել խաղային ձեռագիր, կամ որևէ միտք, որին կարելի էր հասնել աստիճանաբար: Մարտավարությունները լինում են տարբեր՝ հարձակողական, պաշտպանողական, հակագրոհներ կամ գնդակի վերահսկում: Իսկ մեր թիմը սրանցից և ոչ մեկին էլ մոտ չէր, նույնիսկ պաշտպանողականին: Մենք խնդիրներ ունենք պաշտպանության գծում, բայց շատ խաղերում առաջին սխալները ծագել են հարձակման և կիսապաշտպանության դիրքերում:

Մեղավո՞ր են ֆուտբոլիստները

Իհարկե, մեղավոր են, նրանք ևս դա գիտակցում են: Ոմանք հրապարակավ հայտարարում են, ներողություն խնդրում: Մյուսներն էլ ժամանակ են խնդրում սխալները շտկելու համար:

Առաջարկում ենք կարդալ նաև` «Մի Մխիթարյանով գարուն չի գա»

Ի՞նչ տվեց այս ընտրական փուլը

Արթուր Պետրոսյանն օրերս հայտարարել է, որ մեր հավաքականին թարմ արյուն է պետք: Հավատացեք, դա արդեն իսկ առաջադիմություն է: Գուցե հետագա խաղերում հավաքական հրավիրվեն այն ֆուտբոլիստները, որոնք տարբեր պատճառներով տեղ չունեն մեր թիմի կազմում:

Ընդհանուր առմամբ, այս ընտրական փուլը վերջնականապես ապացուցեց, որ առաջնային և կարևոր խնդիրը ֆուտբոլիստների մակարդակն է: Կոնկրետ մեր հավաքականի հաջորդ ընտրական փուլի հետ կապված որևէ մեկնաբանություն տալը դեռ անիմաստ է: Հավանաբար մոտ օրերս Արթուր Պետրոսյանի ապագայի վերաբերյալ հստակ որոշում կկայացվի:

Առաջարկում ենք կարդալ նաև «Չստացված փորձարկումներ՝ խայտառակ ավարտով»


Միհրան Ալեքսանյան

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում