Տարօրինակ մարդ արարած
Նմանատիպ
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես և խավարին չես հավատա:
Արցունքներիդ միգամածին խորին տմույն
Գիտես նայել արշալույսի ճաճանչներին
Սգի քողի տակ հուսալից դու սիրահար`
Կտառապես և վշտերիդ չես հավատա:
Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք`
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
Դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա:
Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
Բայց խոցոտված քո մատներով արյունլվա
Դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա:
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա:
Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լույսով` խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսիլքներ արևավառ
Կխարխափես և խավարին չես հավատա:
Մուշեղ ԻՇԽԱՆ
Մուշեղ Իշխանը ծնվել է Թուրքիայի Անկարայի նահանգի Սիվրի-Հիսար գյուղաքաղաքում, 1914-ին։ 1915-ին Ճանտերեճյանների ընտանիքը տեղափոխվել է, 1923-ին՝ հաստատվել Դամասկոսում։
Մամուլում հաճախ նրա ծննդյան թվական է հիշատակվել 1913-ը (այդ իսկ պատճառով էլ ծննդյան 50-ամյակին նվիրված «Ոսկե աշուն» ժողովածուն լույս է տեսել 1963-ին), սակայն հեղինակը հետագայում ճշտել է այն, երբ 37 տարիների բաժանումից հետո հանդիպել է հարազատ մորը (նրան որդեգրել և խնամել է հորեղբոր կինը)։
1915-ին ընտանիքով աքսորվել է Դեյր էզ Զոր։ Պատերազմից հետո վերադարձել է։ 1918-ին մահացել է հայրը։ Այնուհետև կրկին աքսորվել է։ 1928-ին ավարտել է Դամասկոսի Հայոց ազգային վարժարանը, 1935-ին՝ Բեյրութի Հայ ճեմարանը, 1938 – 1940 թթ. հետևել Բրյուսելի (Բելգիա) համալսարանի մանկավարժության և գրականության դասընթացներին։ 1941 – 1951-ին խմբագրել է Բեյրութի «Ազդակը» (օրաթերթ և շաբաթաթերթ)։ Հայ գրականություն է դասավանդել Բեյրութի Հայ ճեմարանում, որտեղ երկար տարիներ կատարել է նաև տնօրենի տեղակալի պարտականությունները։
Ճեմարանում Իշխանն աշխատեց մինչև իր կյանքի վերջին տարին՝ 1990 թվականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում