Սիրիահայերը հարմարվել են Հայաստանի պայմաններին և ինտեգրվել երկրի կյանքին
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարծում է, որ սիրիական ճգնաժամի հետևանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերի ճնշող մեծամասնությունը կշարունակի ապրել Հայաստանում: Նախարարը նշում է, որ սիրիահայերը Հայաստանի զարդն են դարձել իրենց գործունեությամբ, աշխատասիրությամբ և բարյացակամությամբ:
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սիրիահայերը Հայաստանում ոչնչից բիզնեսներ են ստեղծում, ինչը խոսում է այն մասին, որ նրանք պրպտող են, աշխատասեր են, մտածող, փորձում են և հիմնականում հաջողության են հասնում: «Շատ ու շատ սիրիահայերի հետ ես զրուցում եմ, նրանց մեծամասնությունը չի ցանկանում գնալ, բայց գիտեք, կյանք է՝ ոչ ոք չի կարող ասել, թե նրանց մոտեցումները հավերժ են ու վերջնական: Մեր սիրելի, համեստ, խելացի ու կազմակերպված, աշխատող ու գրագետ սիրիահայերը Սիրիայում թողել են տուն, բիզնես, ավտոմեքենա, պատմություն, պատմական ու մշակութային ժառանգություն: Դա փաստ է: Այն, որ նրանց հայացքը դեպի Սիրիա է, դա էլ է փաստ: Նրանք մի օր պիտի գնան իրենց ունեցվածքի վերջնական գնահատականը ստանան, վաճառեն, վերցնեն, տեսնեն, թե ինչ է իրենց ունեցվածքից մնացել: Այս հարցերը նրանց համար դեռ հարցական են: Այնպես որ, նրանք դեռ հոգեբանորեն հանգիստ վիճակում չեն: Ես կարծում եմ, որ դա կլինի այն ժամանակ, երբ Սիրիայում վերջնական խաղաղություն կհաստատվի: Հիմա այնտեղ համեմատաբար հանգիստ վիճակ է, տա Աստված, որ այդպես էլ մնա, սակայն քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, այնտեղ լարվածությունը դեռ կա, և սիրիահայերն էլ դեռևս լարվածության մեջ են»,- ընդգծեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը նկատեց, որ 2017թ. «Հայաստան-Սփյուռք» համաժողովի թեմաներից մեկը նվիրված էր հենց սիրիահայերին՝ հիշեցնելով, որ նման քննարկում ունեցել են նաև 2014թ. կայացած «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ժամանակ: «Գիտեք, այդ քննարկումներն էականորեն տարբերվում էին: Եթե 2014թ. կար նյարդային վիճակ, լարվածություն, պահանջատիրություն, դժգոհություններ, որ այս կամ այն հարցերը չեն լուծվել, ապա այս համաժողովի ընթացքում հանգիստ էր ամեն ինչ, որովհետև Հայաստանի Նախագահի հովանու ներքո 6 ինքնաթիռ հումանիտար օգնություն էր հասել այնտեղ, մենք հովանավորում ենք ծերանոցը, մանկատունը, հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ենք օգնել սիրիահայությանը: Սիրիահայերն էլ այստեղ հարմարվել են, ինտեգրվել են: Եթե առաջ պահանջում էին, որ իրենց համար լինի սիրիական դպրոց, որ իրենք իրենց ծրագրով սովորեն, ապա այսօր նրանք մեր հայաստանյան դպրոցներում փայլուն արդյունքներ են արձանագրում: Նրանք փայլուն արդյունքներ են արձանագրում նաև մշակույթի, տնտեսության, բիզնես ոլորտներում: Հիմա մենք գրեթե չունենք մի սիրիահայ, ով ունի խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում»,- ընդգծեց Հակոբյանը:
Նա նշեց, որ Հայաստանում սիրիահայերի համար, իհարկե, կան բարդություններ, դժվարություններ, քանի որ նրանք Հայաստանում չեն վաստակում այնքան, որքան վաստակում էին Սիրիայում, չեն ապրում նույն կենսամակարդակով, ինչ Սիրիայում: Բայց Հրանուշ Հակոբյանը նկատում է, որ նրանք արդեն հասկացել են, հարմարվել են Հայաստանի պայմաններին, քրտնաջան աշխատում են:
Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմության միջև հակամարտությունը սկսվել է 2011թ. մարտից, որն այնուհետև վերածվեց ռազմական լայնածավալ գործողությունների, որում ներգրավվեցին նաև տարբեր ահաբեկչական խմբավորումներ: Սիրիական ճգնաժամի հետևանքով հայաշատ Հալեպում տեղի ունեցած ավերածությունների արդյունքում բազմաթիվ սիրիահայեր լքեցին Սիրիան: Նրանց մի մասը` շուրջ 20 հազար մարդ, հաստատվել են Հայաստանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում