Եվրահանձնաժողովը մտադիր է Հայաստանում հատուկ գրասենյակ բացել «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում
Նմանատիպ
Պաշտոնական այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ:
Ողջունելով ՀՀ ԿԳ նախարարին, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարն անդրադարձել է իր այցելությանը Հայաստան՝ որակելով այն որպես ջերմ ու արդյունավետ համագործակցության սկիզբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև Եվրոպական միության «Հորիզոն-2020» ծրագրին մասնակցության վերաբերյալ» համաձայնագրի շրջանակում «Horizon 2020 Policy Support Facility» աջակցության գործիքի ներքո Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և գիտական նոր ծրագրերի ներդրման հնարավորությունները:
Քննարկվել են նաև Հայաստանում հատուկ գրասենյակի ձևավորման հետ կապված մի շարք հարցեր: Նախարարը կարևորել է նման գրասենյակի ստեղծումը, որպես «Հորիզոն-2020» ծրագրի պահանջներին Հայաստանի գիտական հանրությանը նախապատրաստելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու կարևոր միջոց:
Եվրոպական միության Հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրն իրականացվում է 2014 թվականից և շարունակվելու է մինչև 2020 թվականը:
«Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցությունը կարող է նպաստել մեր հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում