Որդուս

Որդուս

Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,
Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,
Թե ոնց պիտի ապրել կյանքում, թե ոնց պիտի նայել կյանքին,
Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին:
Ինքս էլ խրատ կարդացողին ո՛չ հարգում եմ, ո՛չ հանդուրժում,
Տափակ թե սուր քարոզներից ինքս էլ եմ միշտ, տղա՛ս, խորշում:

Ու թե հիմա, իմ բալի՛կս, ես քո գլխին ճառ եմ կարդում,
Ապա միայն նրա համար, որ շատ հաճախ կյանքում մարդու
Եթե իր մեծ բաժինն ունի ժամանակը, ինքը դարը,
Բայց և այնպես քիչ չի ազդում նաև ընտրած ճանապարհը:
Գուցե քեզ հետ նույնը լինի, որ պատել է հաճախ ինձ է՛լ.
Հաճախ շուրջս աչք ածելով, այն մարդկանց եմ ես նախանձել,

Որոնց կյանքը հեշտ է անցնում – ասես կյա՜նք չէ, այլ խճուղի`
Անխոչընդո՜տ և անարգելք, քանոնի պես հա՜րթ ու ուղիղ.
Դպրոց, հետո ինչ-որ մի ԲՈՒՀ, մի ազդեցիկ զանգահարող,–
Եվ տաք տեղն է ապահովված…
Այդպես ապրել դու չե՜ս կարող:
Չէի ուզի, որ քո կյանքը հարթ խճուղու նման լիներ:
Դու մի՛ անցիր ասֆալտ ճամփով, գերադասի՛ր ճամփա շինել:

Դու սիրո հետ միշտ հաշտ ապրիր, բայց խույս մի՛ տա տառապանքից.
Նա սրբում է աչքը փոշուց, նա մաքրում է հոգին ժանգից:
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ա՜խ, մի՛ նվա: Հայրդ երբեք չի հանդուրժում նվացողին…
Շատ ավելի լավ է, տղա՛ս, դառն արցունքով աչքըդ ցողիր
Ու քո ճամփան շարունակիր: Թո՛ղ որ լինի նա քարքարոտ,
Բայց քո հոգում եթե լինի բարո՛ւ, լավի՛, սիրո՛ կարոտ,
Դու չե՜ս հոգնի, դու կքայլես. կբարձրանաս դու սարն ի վեր:
Դրա համար ոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր:

Ազնի՛վ եղիր ամեն ինչում – ո՞վ է կայնքում սովից մեռել:
Ճշտի համար աքսոր չկա – ստի հանդեպ ինչու լռել:
Իսկ մեր շուրջը դեռ կան մարդիկ, որ երբ պետք է, մեջք են ծռում,
Երբ որ պետք է, հռհռում են, պե՞տք է` ժպտո՛ւմ, պե՞տք է` լռո՛ւմ,
Պե՞տք է` իրենց մատն են տնկում… Դու մի՛ եղիր կյանքում տհաս`
Դու հասկացի՛ր հենց այս գլխից, մի՛ մոռացիր երբեք, տղա՛ս.
Ազնըվությունն այն է միայն, որ չի փոխվում` ոնց էլ շուռ տաս,–
Նա մի ճերմակ երես ունի, ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…

Մի՛ տրտնջա: Դու հիշո՞ւմ ես. «Ձախորդ օրեր… կուգան-կերթան»…
Մի՛ տրտնջա: Եթե լավից ետ ես ընկել` ինքդ հասիր…
Մի՛ տրտնջա, բայց և կյանքը գրքի նման դու մի՛ կարդա,
Գրքի նման` քեզնից հեռու, ինչ-որ օտար մարդկանց մասին…
Հպա՛րտ եղիր, բայց ոչ գոռոզ (դատարկ մարդն է գոռոզանում,
Հայրդ խելոք ու տխմարին դրանով էր զանազանում):
Հորդ նման հպա՛րտ զգա, որ ոչ մեկի տուն չես քանդել,
Ոչ մի ազնիվ խոսք չես կտրել, ոչ մի ազնիվ միտք չես բանտել,
Որ շիտակ ես քայլել կյանքում և լռել ես եթե հաճախ,
Ապա միայն նրա համար, որ առևտուրը մանարծախ
Հաճախ միայն զիզի-բիզի զանգուլակ է նետել շուկա,
Իսկ դու զուրկ ես զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտըդ չկա…

Դու փոքր ես դեռ, դեռ չգիտես, թե ոնց պիտի կյանքին նայել:
Դու փոքր ես դեռ: Երբ մեծանաս, դառնաս արդեն հասուն ջահել,
Խորհուրդներն իմ և՛ հնացած, և՛ ավելորդ թվան գուցե –
Կյանքում այնժամ էլ չլինեն նման բացեր, նման խոցեր:
Է՛հ, տա Աստված: Ես էլ կյանքում ուրիշ ոչինչ չեմ երազում
(Կույրը, տղա՛ս, ինչպես գիտես, երկու աչք է միայն ուզում):
Խորհուրդներն իմ թող հնանան… Ծաղիկն է լոկ այդպես մեռնում,
Երբ ամռանը ծառի վրա հասուն միրգ է արդեն դառնում:
Հանուն գալիք վառ խարույկի ես պատրաստ եմ այսօր ծխալ,
Հանուն վաղվա ճշմատության թող որ այսօր լինեմ սխալ…

Պարույր ՍԵՎԱԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում