ՀՅԴ հիասթափված չէ ոչ «Ժառանգությունից», ոչ էլ Րաֆֆի Հովհաննիսյանից

Հայ Ազգային Կոնգրես կուսակցության առաջին համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը ասաց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ապրիլի 9-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո հիասթափված չէ ոչ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանից և ոչ էլ «Բարևի հեղափոխություն», սակայն դասեր քաղելու անհրաժեշտություն է տեսնում:

«Շարժումը, որպես այդպիսին, չկարողացավ կազմավորվել ու այդ անկազմակերպվածության արդյունքները տեսանք ամսի 9-ին: Եթե շարժման ընթացքը ժամանակին չի ծրագրվում, ամբողջապես հերթականությունը չի որոշվում, կարող է ստացվել այնպես, որ հավաքված ժողովուրդը վեր է ածվում անկազմակերպ ամբոխի և ինքն է ընթացքը թելադրում»,-ասաց Ռուստամյանը:

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն միշտ ասել են, որ պետք է գնալ հանգրվանային ճանապարհով, փոքր արդյունքներ արձանագրելու ճանապարհով, որը բացարձակապես չի նսեմացնում շարժման նշանակությունը և հավելեց. «Շարժումը կարող էր դրանից միայն հզորանալ: Մենք ունեինք հաջողված շարժումների փորձ: Նույն Ղարաբաղյան շարժման ժամանակ երբ Գերագույն խորհրդում թափուր տեղ էր առաջանում, խնդիր էր դրվում, որպեսզի թափուր տեղում շարժման թեկնածուներից մեկը անցներ»:

Պատգամավորը նշեց, որ ինքը ներկա է եղել Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցած հնարահավաքին, և իր համար ստեղծված անորոշությունը պահպանվում է:«Սրան պետք է վերջ տրվի, ժողովուրդը չի կարող անընդհատ անհասկանալի վիճակներում լինել ու տրամաբանված ընթացք չտեսնել: Այս կերպ մաշվում է շարժումը: Առաջին խնդիրը այսօրվա շարժումը նպատակային դարձնելն է»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում