ԲՀԿ-ն վերականգնում է «նախկինում կորցրածը»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակում է ակտիվ քարոզչությունը երևանյան փողոցներում ու բակերում:
ԲՀԿ ավագանու ընտրացուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի գլխավորությամբ կուսակցության անդամները ու երիտասարդությունը ծառատունկ իրականացրեցին Նոր Նորքի Սրբ.Սարգիս եկեղեցու տարածքում:

Իր ծառը տնկելուց հետո Վ.Օսկանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ԲՀԿ-ի հաղթանակի դեպքում առաջնահերթ խնդիրներից մեկն է լինելու Երևանի բնապահպանական վիճակի բարելավումը, քանի որ ներկայումս մայրաքաղաքի օդը աղտոտված է և լուրջ էկոլոգիական խնդիրների առաջ ենք կանգնած. «Անցած տարիների ընթացքում այնքան կանաչ տարածք է ոչնչացվել, շինություններ կառուցվել, որ Երևանի կլիման փոխվել է: Այնպես որ մեր առջև շատ խնդիրներ կան ու կատարվելիք մեծ աշխատանք»,- հայտարարեց նա ու հավելեց, որ խնդրի լուծումը դրվելու է մայրաքաղաքի հատակագծով կանաչ գոտիավորման ավելացմամբ ու նախկինում կորցվածի վերականգնմամբ:

«Առաջնային լուծման կարիք ունեն կենցաղային խնդիրները’ տրանսպորտային իրավիճակի բարելավումը, ջրամատակարարումը, աղբահանությունը: Բացի այս, պետք է վերականգնվի քաղաքի ճարտարապետական տեսքը, որը վերջին տարիներին շատ է աղճատվել, ինչպես նաև երևանցիները պետք է զերծ մնան քաղաքապետարանի բյուրոկրատական քաշքշուկներից»,- թվարկեց Վ.Օսկանյանն ու հավելեց’ պետք է այնպես անենք, որ քաղաքն ինքնաբավ դառնա, քաղաքային բյուջեն էլ մեծանա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում