Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

Ապրիլի 14-ին մայրաքաղաքում համաքաղաքային ծառատունկ էր հայտարարված: Բազմաթիվ պետական ու մասնավոր հիմնարկ ձեռնարկությունների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ուսումնական, առողջապահական և տարբեր այլ հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հազարավոր երևանցիների հետ միասին համաքաղաքային ծառատունկին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Համաքաղաքային ծառատունկի շրջանակում Նոր Նորքի Հայորդաց տան հարևանությամբ գտնվող տարածքը հերթական անգամ համալրվեց նոր տնկիներով: Կանաչ և էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու, կանաչ տարածքները վերականգնելու ցանկությունը համախմբել էր բոլորին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի և հարյուրավոր երևանցիների հետ միասին հենց այդ տարածքում ծառատունկին իրենց ակտիվ մասնակցությունը բերած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները, ողջունելով նախաձեռնությունը, նշել են, որ այն անչափ կարևոր է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ, այլև ինքնատիպ քայլ է ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում կազմակերպված ծառատունկին: Ի դեպ, գեղեցիկ անտառպուրակ ստեղծելու նպատակով, այս տարածքը ևս ապահովվել է ոռոգման համակարգով: Երևանի քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրով այստեղ շուրջ 9000 մետր ոռոգման նոր ցանց է անցկացվել:

Ծառատունկի աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, նշված աշխատանքներում ներգրավված կազմակերպություններին տրամադրվել են համապատասխան գործիքներ ու աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ այլ միջոցներ։

Գարնանային ծառատունկի ընթացքում Երևանում ընդհանուր առմամբ կտնկվի 30.000 ծառ և 10.000 թուփ: Հարկ է նշել, որ ծառատունկն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում։ Ոռոգման ցանցի ընդլայնման նպատակով Երևանի քաղաքապետարանի 2013թ. ծրագրով մայրաքաղաքում ավելի քան 20 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի և այս ամբողջի արդյունքում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը այս տարի կհասնի շուրջ 900 հա-ի, ինչն, ի դեպ Խորհրդային վերջին տարիների ցուցանիշն է:

Իսկ մայրաքաղաքի կանաչ տարածքների ընդլայնման նպատակով, այս տարի մայրաքաղաքում կտնկվի շուրջ 100.000 ծառ և թուփ: Այգիներն ու պուրակները, սիզամարգերն ու բակային տարածքները կզարդարեն ավելի քան 2 մլն բազմերանգ ծաղիկներ, ինչը ևս աննախադեպ ցուցանիշ է Երևանի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում