Վրացական հասարակական կազմակերպությունը կդիմի կառավարությանը` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով

«Իրակլի Երկրորդ» հասարակական կազմակերպությունը ողջունում է Հայոց Ցեղասպանության ճանաչումը մի շարք ժողովրդավարական երկրների կողմից եւ կոչ է անում Վրաստանին հետեւալ նրանց օրինակին: Ինչպես հաղորդում է Ռեգնում լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է հկ-ի ղեկավար Արչիլ Չկոիձեն’ նշելով, որ իրենք կրկին կդիմեն Վրաստանի իշխանություններին’ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով: Ըստ հկ-ի ղեկավարի, նրանք վրացական իշխանություններին կոչով կդիմեն ապրիլի 17-ին կայանալիք «Հայոս-Քարթլոսից մինչև մեր օրերը» համաժողովի ժամանակ: Ի դեպ, ըստ աղբյուրի, նշված համաժողովին կմասնակցի նաեւ Թբիլիսիի հայերի ասամբլեան:

«Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ կհարգեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, իսկ «Իրակլի երկրորդ» հկ-ն ու Թբիլիսիի հայերի ասամբլեան մեկ անգամ եւս կոչ կանեն Վրաստանի կառավարությանը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Վերջինս իր սրությամբ հավասար է Հոլոքոստին, եւ այն ճանաչվել է ժողովրդավարական պետությունների կողմից»,ընդգծել է Արչիլ Չկոիձեն:

Համաժողովի ժամանակ կքննարկվեն հայ-վրացական հարաբերություններ, ինչպես նաեւ պատմության խեղաթյուրման փորձերը: Համաժողովի ժամանակ «Իրակլի երկրորդ» հկ-ն ու Թբիլիսիի հայերի ասամբլեան կստորագրեն համագործակցության հուշագիր, որը բաց է նաեւ սփյուռքի այլ կազմակերպությունների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում