ՀՀՇ-ի ՀԱԿ կուսակցության մեջ մտնելը համարում եմ «հիմարություն».Աշոտ Մանուչարյան

«Մեզ անհապաղ պետք է այս վիճակից դուրս գալ և ձևավորել մեկ այլ բան: Քաղաքական ուժերի բզկտվածությունն անընդունելի է, ես նկատի ունեմ այն ուժերին, որոնցից մեկին պայամանականորեն անվանենք Րաֆֆի Հովհաննիսյան, մյուսներին’ ՀԱԿ և «Սարդարապատ», որոնց հետևից քիչ թե շատ գնում է ժողովուրդը»,-այս մասին ապրիլի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Պատասխանելով ՀԱԿ համագումարի ժամանակ Լևոն Զուրաբյանի հնչեցրած այն արտահայտությանը, որ «Աշոտ Մանուչարյանն էլ է մեզ հետ, պարզապես չգիտի այդ մասին», Մանուչարյանն ասաց. «Ես մշտապես ասում եմ, որ քաղաքական ուժերն ունեն երկու որակ, որոնցից մեկը ժողովրդին սպասարկելն է’ այնքանով որքանով ՀԱԿ-ը ժողովրդի կողքին է, ես նրանց պաշտապնում եմ, որքանով որ քաղաքական խարդավանքի մեջ է, քննադատնում եմ»,-մեկնաբանեց Մանուչարյանը:

Նա նաև շեշտեց, որ վատ է վերաբերվում ՀՀՇ-ի’ «ՀԱԿ» կուսակցության մեջ մտնելուն’ համարելով դա «հիմարություն»:

Անդրադառնալով այն խոսակցությունններին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը պարտվել է, Մանուչարյանն ասաց, որ «նման բան չկա»: «Նա և Վահան Բադեսյանը չեն կարող պարտվել Երևանում, քանզի Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, որտեղ չեն պարտվում: Րաֆֆի Հովհաննիսյանը և Վահան Բադեսյանը եկել են այստեղ պայքարելու հանուն Հայաստանի: Նրանք ժողովրդի համար այս գործընթացը տանող ուժն են, որտեղ ժողովուրդը պետք է հաղթի»,-նշեց Մանուչարյանը:

Խոսելով ապրիլի 9-ի դեպքերից’ նա ասաց, որ տեղի ունեցավ մի արարողություն, որով «մերժվեց գոյություն ունեցող կյանքը»: «Ես փորձեցի Րաֆֆի Հովհաննիսյանին ներկայացնել, թե ինչ կառավարման համակարգ կարելի է կիրառել, հիմա հնարավոր է միայն ուղիղ դեմոկրատիայի համակարգը: Պետք է ստեղծվեին շտաբներ, որոնք պետք է ապահովեին, որ մեր ժողովուրդը նորից հավաքվեր և իր կամքը դարձներ ստեղծարար ուժ, սակայն այդ բանը չկայացավ»,- նշեց Մանուչարյանը’ հավելելով, որ «այդ մասով ոչինչ չառաջարկվեց և այդ մասը մնացել է բաց»:

Նրա խոսքով’ ոստիկանություննը ապրիլի 9-ի հանրահավաքին բավականին «մեղմ էր»: Մանուչարյանը գովեց նաեւ այն երիտասարդությանը, որ դասադուլ էր կազմակերպել:

Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշում է կայացրել ցուցարարների հետ շարժվել դեպի նախագահական նստավայր:

Ստեղծված իրավիճակը շտկելու համար դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն իր համախոհների եւ ոստիկանության ուղեկցությամբ Սարյան փողոցով բարձրացել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիիկներ դրել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդից նա վերադարձել է Ազատության հրապարակ եւ հավաքվածներին ցրվելու կոչ է արել՝ նշելով, որ Ազատության հրապարակում իրենց պայքարը կշարունակեն ապրիլի 12-ին: Ապրիլի 11-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնել էր Մոսկվա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում