Հավերժական Հայը
Նմանատիպ
Ահա ե՛ս եմ, Հավերժական Հայը, կանգնած Եղեռնի ու Երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերս հառած Մասիս սարին,
Եվ ինձ խփում են – տարերքը տակից, Աստված վերևից, թշնամին դեմից, բարեկամը մեջքից, Արևմուտքը աջից, Արևելքը ձախից,
Բայց ես չեմ վերջանում,
Ես տեսնում եմ արդեն Ահեղ Դատաստանի օրը,
Բայց ես Հայաստանն եմ, և ինձ սպանել հնարավոր չէ, որովհետև ես ամեն ինչ եմ, ամենուր ու անվախճան,
-Զավակ եմ փլատակված, մայր եմ խելագարված, հայր եմ չթաղված, դագաղ եմ չճարված, մատնամնացուկ եմ ջարդոտված, հող եմ սառած, անուն եմ մոռացված, հավատք եմ հալածված, երկինք եմ մթնած, քար եմ պատռված, գիր եմ ջնջված, ջուր եմ պղտորված, ծիծաղ եմ լռած, երգ եմ ընդհատված, սիրտ եմ կոտրված, հույս եմ կտրված, հոգի եմ ուրացած, մարմին եմ նյութացած, երկիր եմ փեռեկված, օրենք եմ մեռած, միտք եմ ըմբոստացած, Ադամ եմ արտաքսված, դրախտ եմ կորուսված, դժոխք եմ բացված, ընդերք եմ գազանացած, լավա եմ ժայթքած, ինքնաթիռ եմ խորտակված, խոյակ եմ խախտված, հաց եմ տրորված, գինի եմ թափված, Խոսք եմ բանտարկված, Բանաստեղծ եմ խաչված ու Աստվա՜ծ եմ եսացած,
Եվ Ահեղ Դատաստանի օրը ե՛ս պիտի նստեմ Աստծո փոխարեն,– և պիտի շնչա-վորեմ ու մխիթարեմ, հուղարկավորեմ ու հայթայթեմ, վերականգնեմ ու ջերմացնեմ, հիշեցնեմ ու դիմակայեմ, լուսավորեմ ու հարակցեմ, վերծանեմ ու պարզեմ, ձայնավորեմ ու շարունակեմ, ամոքեմ ու կեցուցանեմ, ընդունեմ ու ոգեղինանամ, միավորեմ ու սահմանեմ, հավատամ ու վերադառնամ, գտանեմ ու գոցեմ, խաղաղեցնեմ ու հունավորեմ, փրկեմ ու հաստատեմ, բարձրացնեմ ու հավաքեմ, ազատեմ, իջնեմ ու աստվածանա՜մ,
– ԱՍՏՎԱԾԱՆԱ՜Մ,
-Որովհետև Աշխարհի սկզբից ի վեր իմ մարմինն է հաց, և արյունս է գինի, և իմ խոսքն է Աստված, և Աստված եմ ես,
Եվ չեմ վերջանում,
Եվ նա, ով կերավ իմ հացն ու չկշտացավ, խմեց իմ գինին ու չհագեցավ, լսեց իմ Աստծուն ու չհավատաց, տեսավ ինձ ու չճանաչեց,
-Տարերք լինի թե Աստված, թշնամի թե բարեկամ, Արևմուտք թե Արևելք
-Ցա՛ծր է իմ առաջ, և պիտի պատասխա՜ն տա ինձ՝ Ահեղ Դատաստանի օրը,
Որովհետև ես Հավերժական Հայն եմ ու Հայաստանը,
Որովհետև ես ամեն ի՛նչ եմ, ամենո՛ւր ու անվախճա՛ն:
Դավիթ ՀՈՎՀԱՆՆԵՍ
31 հունվարի, 1989
Դավիթ Հովհաննես -Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան։ Ծնվել է 1945թ․ փետրվարի 17-ին։ Հայ բանաստեղծ, թարգմանիչ։ ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը։
1962 թվականին ավարտել է Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում։
1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ։ 1980-1990 թթ. հայկական հեռուստատեսության առաջին ալիքով(ընդ որում՝ հիմնականում ուղիղ եթերով) վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը։ 2006-2008 թթ․ Հ1 հանրային հեռուստատեսությունում վարել է «Կես ժամ Դավիթ Հովհաննեսի հետ» շաբաթական հաղորդաշարը։
Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999-2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2-րդ գումարման պատգամավոր։
Գրել սկսել է վաղ պատանեկան տարիքից, 1965 թվականից տպագրվել է։ Հեղինակել է շուրջ 25 բանաստեղծական, մանկական և թարգմանական ժողովածուներ, հրապարակախոսական և քննադատական հոդվածներ, էսսեներ, ռադիոպիես (ռուսերեն), թարգմանական գրքեր (ռուսերենից և անգլերենից)։ Հայտնի են «Մեզանից հետո ուժեղ ու հաղթանդամ», «Քաղաքային ձմեռ», «Հավերժական հայը» և այլ բանաստեղծություններ։
Թարգմանել է աֆրո-ասիական, մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից։ Ռուսերենով և անգլերենով թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում