Աստծո խոսքը կլսվի նաև ժեստերի լեզվով
Նմանատիպ
Յուրաքանչյուր քրիստոնյա Աստծո խոսքը լսում ու հասկանում է սեփական լեզվով՝ մայրենիով: Հայտնի է, որ Աստվածաշունչն իրապես հայացավ 5-րդ դարում՝ գրերի գյուտով: Մինչ այդ եկեղեցական արարողությունների, աստվածաշնչային ընթերցումների լեզուն ասորերենը կամ հունարենն էր, ինչը ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի էր: Արդյունքում Աստծո խոսքը շատերի սրտերին չէր հասնում:Այս մասին տեղեկացնում է qahana.am-ը։
Մայրենին կարող է լինել հայերենը, ռուսերենը, անգլերենը կամ ժեստերը: Այո, խուլերն ունեն սեփական մայրենի լեզուն՝ ժեստերի լեզուն և նրանք նույնպես կարիք ունեն լսել և հասկանալ Աստծո խոսքն իրենց լեզվով:
Խուլերի համայնքի ներկայացուցիչները ժեստերի լեզվի թարգմանչի շնորհիվ միշտ մասնակցում են եկեղեցում կատարվող արարողություններին և կարևոր է, որ նրանք ևս Աստվածաշունչն ունենան հենց իրենց մայրենի լեզվով:
Այս նախաձեռնությունն իրականացնելու համար Արարատյան Հայրապետական թեﬕ և Հայաստանի Աստվածաշնչային ընկերության համատեղ ջանքերով դեռևս անցյալ տարի թողարկվել է ժեստերի լեզվով Հին Կտակարանի թարգմանության տեսասկավառակը: Այս տարի հոկտեմբերի 12-ին արդեն կայացավ ժեստերի լեզվով Նոր Կտակարանի տեսասկավառակի շնորհանդեսը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն իր գնահատանքն ու օրհնությունը բերելով ներկաներին՝ ասաց. «Ինձ համար հուզումնալից պահ է։ 16 տարի առաջ, երբ թեմում ձևավորվեց խուլերի համայնքը, հստակ պատկերացում չունեինք, թե մեր առաքելությունը խուլերի համար ինչպես պետք է կազմակերպվի: Բայց հիմա կարող ենք վստահաբար ասել, որ խուլերի համայնքը, եկեղեցու առաքելության մեջ առաջին փորձը լինելով, Արարատյան Հայրապետական թեմում կայացավ: Ուստի մեր գնահատանքն ենք բերում խուլերի համայնքի հոգևոր հովիվ Տեր Եսայիին, ով քայլեց այդ չակոսված ճանապարհով: Այնքան սերտացած է խուլերի համայնքը թեմի մյուս համայնքների հետ, որ նրանք դարձել են մեր մշակույթի լիարժեք կրողները, և մենք նրանց առանձնահատուկ ուշադրությամբ ենք վերաբերվում։
Շնորհակալություն եմ հայտնում Աստվածաշնչային ընկերությանը՝ ծրագրին աջակցելու համար։ Մեր առաքելության մեջ այս տեսասկավառակը ևս մեկ քայլ է, որով խուլերին մերձեցնում ենք Աստծուն: Աստծո օրհնությունը թող միշտ մարտակից և առաջնորդող լինի ձեր առաքելության մեջ»:
Աստվածաշնչի թարգմանության և նկարահանումների աշխատանքները սկսվել են հինգ տարի առաջ: Տեսասկավառակի պատրաստման աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել հենց իրենք՝ խուլերը, ժեստերի լեզվի մասնագետ Զուբեյդա Մելիքյանը և Տեր Եսայի քահանա Արթենյանը: Թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշորհ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ սկավառակները նկարահանվել ու ստեղծվել են խուլերի համայնքի ջանքերով և թողարկվել են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության ֆինանսավորմամբ:
Սկավառակները վաճառքի ենթակա չեն և շուտով հասանելի կլինեն նաև համացանցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում