Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը

Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը

Արևիկը, Աստղիկն ու Լուսիկը քույրիկներ են: Նրանք երբ շատ փոքրիկ էին, ուրիշ անուններ ունեին: Ես մոռացել եմ այդ անունները: Իսկ թե ինչո՞ւ փոխվեցին նրանց անունները, հիմա կիմանաք: Մի անգամ քույրիկները գնացին անտառ՝ մորի հավաքելու:

Թփերի տակից կարմիր ու համեղ մորի էին քաղում նրանք, շարում երկար ծղերի մեջ, մեկ էլ ամպերը կուտակվեցին, երկինքը որոտաց:

Քույրիկները վախեցած երգեցին.
Մենք քաղում ենք մորի,
Զամբյուղները լցնում,
Անձրև՛, անձրև՛, շուտ կորի,
Ինչո՞ւ ես մեզ վախեցնում:

Այդ պահին թփերի տակից դուրս եկավ մի նապաստակ ու ասաց.
-Աղջիկներ, մի վախեցեք,
Ծառերի տակ մնացեք,
Հենց որ կտրի անձրևը,
Դուրս կգա ջերմ արևը:

Քույրիկները սրտապնդվեցին, մտան մի լայնատերև ծառի տակ: Սակայն անձրևը վարար էր ու նրանց լավ թրջեց:

-Հիմա ո՞ւր գնանք այսպես թրջված շորերով:

Նապաստակը նորից քաջալերեց նրանց.
-Ճիշտ է, թրջվել եք դուք շատ,
Բայց կհանեմ ձեզ բացատ.
Կչորանաք բացատում՝
Ճամփա կընկնեք դեպի տուն:

Նապաստակը թռչկոտելով նրանց առաջնորդեց մինչև բացատ: Այնտեղ տաք էր, արևոտ:

Արևն անմիջապես չորացրեց նրանց շորերը: Իսկ քույրիկներն այնքան սիրեցին արևին, որ իբրև երախտագիտության նշան՝ ավագ քրոջը անվանեցին Արևիկ: Նապաստակին էլ դուր եկավ այդ անունը ու բաժանվելիս երգով ասաց.
Շնորհավոր թող լինի
Քո անունը՝ Արևիկ,
Դե գնացի ես անտառ՝
Ուտեմ կեղև, տերևիկ:

Քույրերը բացատում մի քիչ էլ դես ու դեն ընկան, մորի հավաքեցին, մինչև որ տեսան մութն ընկել է: Դուրս եկան բացատից, բայց խիտ ծառերի մեջ գյուղ տանող ճանապարհը կորցրին:

-Հիմա ո՞ւր գնանք,-ասացին կամաց:

Մեկ էլ նրանցից մեկը բարձրաձայն կանչեց.
– Հե՛յ, ո՞վ կա այստեղ, օգնեցե՛ք, ճանապարհը կորցրել ենք:

Ես ծաղկապոչ Աղվեսն եմ,
Անտառը իմ պարտեզն է,
Գիտեմ ամեն արահետ,
Բլուր, կածան, ձոր ու գետ,
Ձեզ անտառից կհանեմ,
Գյուղի ճամփա կտանեմ,
Լուսի՛ն, լուսի՛ն, դուրս արի,
Որ մենք դուրս գանք անտառից:

Երկնքում երևաց լուսինը և լուսավորեց անտառը: Աղվեսը սպիտակ պոչը քարշ տալով ընկավ առաջ:

Աղվեսը տարավ, տարավ հանեց մի լայն ճանապարհ, դա հենց գյուղ տանող ճանապարհն էր: Քույրիկներն ուրախացան ու միջնեկ քրոջ անունը դրեցին Լուսիկ: Աղվեսն էլ բաժանեց նրանց ուրախությունը:

Շնորհավոր թող լինի
Քո նոր անունը՝ Լուսիկ,
Դե գնացի, միշտ հիշեք
Ձեր բարեկամ աղվեսին:

Աղվեսը նորից վերադարձավ անտառ, իսկ քույրիկները շարունակեցին ճանապարհը:

Բայց
ա ՜յ քեզ անհաջողություն. լուսնի դեմքը պատեցին ամպերը ու ճանապարհը մթնեց:
Քույրիկները վախից սսկվեցին: Նրանցից մեկը թույլ ասաց.
-Հե՛յ, ո՞վ կա այստեղ մոտիկ:

-Ես…ես, ի՞նչ կա:

-Դու ո՞վ ես:

-Բրդոտ արջուկն եմ, չե՞ք ճանաչում:

-Վա՛յ, մամա, ջան,-ճչաց փոքրիկ քույրիկը:

-Մի վախեցեք, ես ոչինչ չեմ անի,-ասաց Արջուկը,-հիմա ես ձեզ կօգնեմ:

-Ես արջուկ եմ մի բրդոտ,
Ես անվախ եմ ու սրտոտ,
Մեղր ու փեթակ հիշելով՝
Ման եմ գալիս գիշերով.
Սակայն շատ եմ ես բարի,
Աստղի՛կ, Աստղի՛կ դուրս արի:

Հենց որ արջուկը երգն ավարտեց, երկնքում փայլեցին աստղիկներն ու լուսավորեցին ճանապարհը: Քույրիկները քայլեցին Արջուկի առաջնորդությամբ մինչև գյուղի ծայրը:
-Դե այստեղից արդեն դուք կարող եք գնալ. իմ բաժանվելու ժամանակն է,- ասաց Արջուկը:

-Ախ, սիրելի արջուկ, այնպե՛ս երախտապարտ ենք քեզ:

-Ինչո՞ւ ինձ, ա՛յ, նայեք երկնքին, աստղիկներից շնորհակալ եղեք:

-Ա՛, բոլորովին մոռացել էինք, մեր կրտսեր քույրիկի անունն էլ կդնենք Աստղիկ ու միշտ կհիշենք աստղիկներին:

-Դե ինձ մնում է շնորհավորել,- ասաց Արջուկը:
Շնորհավոր թող լինի
Աստղիկ անունը սիրուն.
Քեզ քաջի սիրտ պարգևի՝
Չվախենաս անտառում:

Արջուկը վերադարձավ անտառ, իսկ Արևիկը, Լուսիկն ու Աստղիկը ուրախ-ուրախ մտան գյուղ: Երբ հասան տուն, մայրիկը մեկ-մեկ գրկեց նրանց ու համբուրեց: Եվ երբ իմացավ այս ամբողջ պատմությունը, ցանկություն հայտնեց անպայման մի շնորհակալական նամակ ուղարկել Նապաստակին, Աղվեսին ու Արջուկին: Քույրիկները կատարեցին մայրիկի ցանկությունը, նամակ գրեցին ու անտառապահի հետ ուղարկեցին անտառ:

Անտառապահը հավաքեց բոլոր կենդանիներին ու բարձրաձայն կարդաց այդ նամակը.
Ողջո՛ւյն, բարի Նապաստակ,
Եվ ձեզ՝ Արջուկ, Աղվեսիկ,
Ձեզ կհիշենք շարունակ…
Արև, Աստղիկ ու Լուսիկ:

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում