Հայաստան-ԵՄ հարաբերություններ. կողմերը զարգացում եւ ակտիվացում են արձանագրում

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական’ 12-րդ նիստը: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Արթուր Բաղդասարյանի խոսքով’ աշխատանքներում չափազանց կարևոր առաքելություն ունի

Եվրոպական Միության Խորհրդատվական խումբը. «Մենք այսօր, մեր աշխատանքների այս նոր շրջափուլում, կխոսենք, թե ինչպես պետք է գործի Եվրոպական Միության Խորհրդատվական խումբը առաջիկայում և մենք իսկապես պետք է լուրջ բարեփոխումներ կատարենք խմբի գործունեության մեջ, հաշվի առնելով 2013 թ.-ին սպասվող զարգացումները, որպեսզի հաջորդ տարվանից արդեն ԵՄ խորհրդատվական խումբը գործի էլ առավել թիրախավորված, որովհետև Ասոցացման համաձայնագիրը նշանակում է միայն նվազագույնը 1200 նոր օրենքների և օրենսդրական փոփոխությունների իրականացում, մի քանի հազար ենթաօրենսդրական փոփոխությունների իրականացում, այսինքն սա մեծ թվով բարեփոխումներ են’ և օրենսդրական և իրավակիրառական»:

Դեսպան Տրայան Հրիստեան գոհունակություն է արտահայտել ծրագրի’ անցյալում արձանագրված ձեռքբերումների համար: Նա նշել է. «ԵՄ խորհրդատվական խումբը ԵՄ կողմից ֆիանսավորվող ծրագիր է, որի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է օժանդակություն դեպի ԵՄ ինտեգրումն ացնցնելու ճանապարհին: Այժմ եկել է ժամանակը առաջընթաց արձանագրել ԵՄ-Հայաստան Ասոցացման Համաձայնագրի փաթեթի պատրաստման ուղղությամբ: ԵՄ խորհրդատվական խումբը կշարունակի իր աջակցությունը ցուցաբերել կարևոր բարեփոխումների այս գործընթացին»: 2012թ. ընթացքում Եվրամիությունը առաջարկել և օժանդակել է եվրոպական ստանդարտներին համահունչ մարդու իրավունքների ազգային ռազմավարության մշակմանը, մարդու իրավունքների ոլորտում հատուկ հանձնաժողովի ձևավորմանը, Հայաստանում այլընտրանքային պատիժների մեխանիզմի ձևավորմանը’ պրոբացիոն ծառայության ստեղծման միջոցով: Քաղաքականության հարցերով տրամադրված խորհրդատվությունն օգնել է Հայաստանին մի շարք կարևոր ոլորտներում մոտենալ ԵՄ-ին: 2012 թվականի տեսանելի զարգացումների թվում է եղել Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների հաջող ընթացքը:

Խորհրդատվական խորհուրդն արտահայեց իր գոհունակությունը ԵՄԽԽ-ի կողմից քաղաքականության հարցերի ոլորտում նախորդ տարվա ընթացքում ցուցաբերած աջակցության վերաբերյալ, հաստատեց ԵՄԽԽ-ի 2012թ. տարեկան հաշվետվությունը, նախանշեց ապագայի գործունեության հիմնական ուղղությունները’ մատնանշելով, որ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին սպասվում է Հայաստան-ԵՄ փոխգործակցության ակտիվացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում