Աղվեսը և թղթատար գայլը

Աղվեսը  և թղթատար գայլը

Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին ու ասաց.

– Այսքան ժամանակ աշխատեցի, բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, մի ոչխար պիտի տա քեզ: Եվ ո’չ շուն, ո’չ մարդ քեզ չպիտի նեղեն:

Այդպես խաբեց գայլին և միասին գնացին մի գյուղ: Աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղ մտավ, վրա թափվեցին շներն ու մարդիկ և նրան գզեցին ու գանահարեցին: Արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Աղվեսն ասաց.

– Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:

Գայլն ասաց.

– Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր:

Վարդան ԱՅԳԵԿՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում