Ընտրե՛ք «թաղի տղուն»

Չնայած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է’ սկսելով մայրաքաղաքից ու «փոխելով» այն, բայց դեռ խնդիր ունի իրենց մոտեցումները փոխելու հարցում: Այդ մասին գրում է «Իրատես de facto» թերթը։

«ՀՀԿ-ին անխնա քննադատող ԲՀԿ-ն հետ չի մնում նրանից: Դա են վկայում խմբագրության երեկվա ահազանգերը: Տարբեր համայնքներից քաղաքացիները մեզ տեղեկացրին, որ երիտասարդները դռնեդուռ ընկած «հավաքագրում» են մարդկանց: Երեկ սա նաեւ մեր «մաշկի» վրա զգացինք: Բարետես երիտասարդները, նախօրոք կազմած ցուցակով, թե տվյալ շենքում ով է գրանցված, դռներ են թակում ու առանց տեղեկացնելու ում, ինչ, որտեղ, միանգամից ասում. «Գրեմ, չէ՞, ձեր անունները»: Մինչ կփորձենք հասկանալ ո՞ւմ, ինչի՞ համար, «վրա են տալիս». «Իա՜, ձեր թաղի տղեն ա, ճանաչված «ավտարիտետ», չե՞ք ուզում ընտրել»: Զարմանում ես’ Օսկանյանն այդ ե՞րբ դարձավ մեր թաղի տղան: Չթողնելով շունչ քաշես, դեմ են տալիս «ավտարիտետի» նկարը’ հեսա, հեսա: Այստեղ հասկանում ես, որ քո ենթադրությունում սխալվել ես. ԲՀԿ ավագանու ցուցակի եսիմ որ համարի «թաղի տղու» նկարն է: Կոպիտ ասած, «թասիբի» են գցում, թե դու ուրեմն քո «թաղի տղուն» չես ուզո՞ւմ ընտրել: Ի դեպ, խմբագրությանը դիմած քաղաքացիները նաեւ տեղեկացրին, որ ԲՀԿ-ի «շտաբականներից» «խաբար են» ստացել, որ գումար են բաժանելու, հիմա էլ սպասում են, թե ով ավելի մեծ «տոկոսադրույք» կսահմանի: Այնպես որ, միշտ խոսքն ու գործը մեզանում տարբեր են, դու էն ասա’ խոզի միսն է՞լ է ընտրակաշառք»,- գրում է «Իրատես de facto»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում