Համախմբումը կրկին ձախողվեց

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերը չկարողացան միավորվել եւ միասնական ցուցակով հանդես գալ։ Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս փաստի արձանագրումը որպես կանոն կապվում է այս ընտրություններում Երեւանի իշխանությունը ՀՀԿ-ի ձեռքից վերցնելու հնարավորության հետ։ Այսինքն՝ եթե ընդդիմադիր ուժերը միավորվեին, ապա ՀՀԿ-ին հաղթելու հավանականությունը կմեծանար, եթե չմիավորվեցին՝ դժվար է լինելու, կամ ավելի ճիշտ՝ անհնար։

Ցանկացած ընտրությունից առաջ հասարակության, ընտրազանգվածի մեջ նման տրամադրություն ստեղծելը իշխող քաղաքական ուժի համար ռազմավարական նշանակության հարց է։ Միայն այս հարցը լուծելուց հետո է, որ կարող են արդյունավետ դառնալ մարտավարական քայլերը։ Ընտրողներին նախ որեւէ փոփոխության անհնարինության, հետեւաբար նաեւ անկարողության սինդրոմ են ներարկում, որից հետո գործի են դրվում ավանդական մեթոդները՝ ընտրակաշառք, ընտրակեղծիք, երթուղայիններով փոխադրումներ եւ այլն։ Եվ ահա առաջիկա ընտրություններն այս իմաստով ոչնչով չեն տարբերվում նախորդներից։ Իշխանությունների ռազմավարական խնդիրը լուծված է, ընդդիմադիր ուժերը ոչ միայն միասնական ցուցակով չեն մասնակցում, այլեւ քարոզարշավի այս փուլում պայքարում են միմյանց դեմ, իսկ քվեարկության փուլում փորձելու են միմյանցից ձայն փախցնել։ Այս ամենը լայնորեն կլուսաբանվի հեռուստատեսությամբ եւ ընդդիմության նկատմամբ ընտրողի «ցասումի» կիզակետում վրա կհասնի ՀՀԿ-ի (նաեւ ԲՀԿ-ի) ներկայացուցիչը՝ առաջարկելով x գումար՝ իր ուժին ընտրելու դիմաց։ Ու զարմանալի չէ իհարկե, որ ցանկացած ընտրությունից առաջ ընդդիմադիր ուժերի մեջ միշտ գտնվել են մեկը կամ երկուսը, որ խափանել են համախմբումը:

Եվ այս օրինաչափության ֆոնին առնվազն ծիծաղելի են մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի ձգտումները՝ հետընտրական դաշինք կամ միավորում ձեւավորելու եւ այդպիսով քաղաքային իշխանությունը փոխելու ուղղությամբ»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում