Հանրահայտ ծովանկարիչ Այվազովսկու ձմեռային բնանկարները
Նմանատիպ
Նախ և առաջ հանրահայտ հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկուն մարդիկ ճանաչում են որպես ծովանկարիչ: Նա ստեղծել է ծովային գեղեցիկ տեսարաններ, չնայած նրան, որ երբեք դրանք չի նկարել բաց ծովում: kulturologia.ru-ն գրում է, որ բացի ծովանկարներից, Հովհաննես Այվազովսկու հավաքածուում կան նկարներ, որտեղ ներկայացված են «հողային» սյուժեներ: Բացառիկ են ձմեռային բնանկարները, որոնք գրավում են դիտողի ուշադրությունը հենց առաջին իսկ վայրկյաններից: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ից Հայաստանի Ազգային պատկերասրահում գործում է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Արարում» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է 52 գեղանկար, 26 գրաֆիկական և 1 դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշ, 20 վավերագիր:
«Ներկայացվելու են մեր հավաքածուից գրաֆիկական աշխատանքներ, որոնք երբևէ մեր մշտական ցուցադրությունում չեն եղել: Մարդկանց մեծ մասը Այվազովսկուն ընկալում են որպես ծովանկարիչ, բայց ունի լավ գրաֆիկական աշխատանքներ, բնանկարներ, ճեպանկարներ: Շատերի համար բացահայտում է լինելու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել էր Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև 2018 թ. հունվարի 15-ը։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։
Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև $2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։