Կույրերի կարծիքը
19/10/2017 15:20
Նմանատիպ
Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
-Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝
-Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
Երրորդի ձեռը կընճիթն էր ընկել.
-Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։
Մինչդեռ չորրորդը պոչիցը բըռնած
Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.
-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։
Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։
Չէ՛, պատ է, -չէ, կոճղ -չէ, օձ է, -չէ, թոկ…
Ու աղմըկելով ամեն մինը ջոկ,
Ինչպես որ եկել
Դեմ էին ընկել,
Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կըրկին-
Սարի պես փիղը պարզ լուսի տակին։
Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում