«Հին Երևան» ծրագրի համար ոչ մի կառույց չի քանդվել. նախագծի հեղինակ

«Հին Երևան» նախագիծը սկսել է կյանքի կոչվել, լրագրողների հետ հանդիպմանը նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանն ասաց, որ առայժմ աշխատանքներն իրականացվում են Տերյան-Բուզանդ խաչմերուկում։ Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

«Այս ծրագիրը միշտ ինչ-որ խոչընդոտների է հանդիպում, ստորգետնյա ջրեր դուրս եկան, հիմա ամեն ինչ կարգավորված է»,- ասաց Լևոն Վարդանյանը։

Նրա խոսքով` առաջին լոտի աշխատանքներով երեք կառույց է վերականգնվում։ Նախագծային աշխատանքները շարունակվում են.

«Աշխատանքների տեմպը նորմալ է, որովհետև կառավարության հսկողության տակ է, վարչապետի կողմից հանձնարարականները տրվել են»,- ասաց նախագծի հեղինակը։

Լևոն Վարդանյանը պնդեց՝ «Հին Երևան» ծրագրի համար ոչ մի կառույց չի քանդվել։

«Երբ անձամբ ես այդ նախագիծն առաջարկել եմ, այդ բոլոր կառույցները, այսպես ասած, քանդված են եղել։ Միակ շենքը, որն ապամոնտաժվել է այս աշխատանքների ժամանակ, եղել է Աֆրիկյանների եկամտաբեր տունը։ Վերջ։ Ուրիշ որևէ կառույց, խնդրում եմ, չշփոթեք, թե «Հին Երևան» ծրագրի համար քանդվել է։ Այդպիսի բան գոյություն չունի»,- ասաց նախագծի հեղինակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում