«Չտեսնված է, արտակարգ, մոգական, աննախադեպ․․․․»
Նմանատիպ
«Հայաստանի փոքրիկ երգիչները» մասնակցել են Իսրայելի ամենահայտնի Աբու-Գոշ վոկալ-երգչախմբային փառատոնին։ Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբը Իսրայել էր մեկնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության, Իսրայելական Երգչախմբային Ֆեդերացիայի, Աբու-Գոշ հեղինակավոր միջազգային փառատոնի հրավերով։ Համերգային շրջագայությունը նվիրված էր հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին։ Երգչախմբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երգչախումբը համերգներով հանդես է եկել Իսրայելի մի շարք քաղաքներում՝ Ռեհովոտ, Ակկո, Երուսաղեմ, Նազարեթ, Բեթղեհեմ, Էմեկ-Էֆեր, Աբու-Գոշ։
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Արդեն մոտ 30 տարուց ավել Աբու-Գոշ փառատոնն անց է կացվում իսրայելական գեղատեսիլ վայրում գտնվող Աբու-Գոշ գյուղի եկեղեցում։ Մասնակից երգչախմբերը, վոկալ անսամբլներն ու մենակատարները կազմակերպիչների կողմից ընտրվում են գերագույն բծախնդրությամբ։
Հրավեր է ուղարկվում միայն աշխարհում իսկապես հեղինակություն վայելող և բարձր գեղարվեստական որակ ունեցող արտիստներին։ Այս տարի մասնակիցների շարքում էր նաև հանրահայտ Շտուտգարդի երգչախումբը։ Հայտնի է, որ մինչև «Հայաստանի փոքրիկ երգիչները»՝ այս փառատոնին մասնակցության հրավեր որևէ մանկական երգչախումբ չի ստացել։ Այնքան մեծ էր մեր երգչախմբի համբավն Իսրայելում, որ երգչախմբի ժամանումից ամիսներ առաջ իսրայելական լրատվամիջոցներն ու կայքերն արդեն գրում էին այն մասին, որ Տիգրան Հեքեքյանի՝ աշխարհում հայտնի մանկական երգչախումբը պիտի լինի փառատոնին մասնակցող խմբերի շարքում։
«Հայաստանի փոքրիկ երգիչների» ելույթը տեղի է ունեցել լեփ-լեցուն տաճարում։ Հնչել է հայ հոգևոր, արտասահմանյան դասական, ժամանակակից կոմպոզիտորների լավագույն երկերը, Ունկնդրի արձագանքը բուռն է եղել․ «Չտեսնված է, արտակարգ, մոգական, աննախադեպ․․․․»։
Իսրայելի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռաֆայել Գամզուն իր խոսքում նշել է, որ Իսրայելի լավագույն երգչախմբերից շատերը չեն կարողանում եբրայերեն երգերն այնպիսի անթերի առոգանությամբ ու հստակ հնչյունարտաբերմամբ կատարել, ինչպես «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը. «Խոսքեր չեմ գտնում։ Սա անբացատրելի է։ Անհնար է հավատալ այն ամենին, ինչ ես այսօր լսեցի։ Հիանալի, աստվածային է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում