Դժբախտ Սամսոնը

Սամսոնը գործազուրկ էր։ Ոչ, նա արտասովոր մարդ չէր, առեղծվածային շղարշով պատված չէր, պարզապես գործազուրկ էր, մի շատ սովորական գործազուրկ՝ որոնք պատահում են ամենուր ու ամեն քայլափոխի:

Աշխատանք չունենալը նրան զրկել էր ամեն ինչից, անգամ իր երբեմնի ընկերական շրջապատից, որովհետև ընկերություն անելու համար տանից պետք էր դուրս գալ, իսկ Սամսոնը գրեթե հրաժարվել էր դուրս գալուց։ Ամեն անգամ, երբ հագնվում էր ու դիմում դեպի դուռը, հանկարծ հետևից լսում էր ընտանիքի անդամների ձայնը․ դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Փանոս ջան։ Ու Փանոսը, այսինքն՝ Սամսոնը, կրկին հանում էր կոշիկները ու տեղավորվում բազմոցին՝ մտովի երևակայելով իրեն մի մեծահարուստ, ով որևէ տեղ չի գնում, քանի որ չկա մի այնպիսի տեղ, որն արժանի կլինի իր ոտքի հայտնությանը։

Ինչևէ, օրերն հաջորդում էին մեկը մյուսին, սակայն աշխատանքն այդպես էլ չէր բարեհաճում թակել Սամսոնի դուռը։ Վերջապես Սամսոնը ճարահատյալ լքեց աստվածների վերին կացարանն ու իջնելով անցավոր երկիր՝ ինքը թակեց աշխատանքի դուռը։

Իր վաղեմի ընկերներից մեկի միջոցով հայտնվեց մի գրասենյակում, որը պետք է դառնար իր աշխատավայրն ու երազանքների մի նոր դուռ բանար։ Մտնելով գրասենյակ՝ Սամսոնին թվաց ինքը մի ինքնապայթած ահաբեկիչ է, ով հանուն շարիաթի հայտվել է դրախտում և ուր որ է կնետվի յոթանասուն կույսերի գիրկը։ Ինքը լինելու էր գրասենյակի 12-րդ աշխատողը, իսկ մնացյալ 11-ը երիտասարդ աղջիկներ էին։

Եթե Սամսոնը տասնյակ տարիներ չճանաչեր իր հին ընկերոջը ու նախօրոք չիմանար թե ինչ աշխատանք պիտի կատարեր, ամենայն հավանականության կմտածեր, որ իրեն պատրաստում են իբրև ներքինի մի ծպտյալ սուլթանի համար։ Սակայն ուրախության ալիքն այնքան ուժգին էր, որ անհիմն անհանգստությունից հետք իսկ չմնաց ու Սամսոնը իրեն համարեց աշխարհի ամենաերջանիկ բանվորը ողջ աշխատավոր ժողովրդից։

Առաջին աշխատանքային օրը անցավ րոպեի պես ու Սամսոնը ինչպես մի բախվատոր աքլոր կամ մահից անտեղյակ մի երջանիկ ցլիկ վերադարձավ տուն։ Կյանքում առաջին անգամ անիծեց գիշերը, քանի որ այն պարտադրված մահ էր մինչ արևածագ, հարկադիր անգործություն էր մինչ երանելի գործողություն։ Ի վերջո ստիպողական քուն էր, երբ մարդը փափագում է արթուն մնալ։

Լուսաբացին Սամսոնն արդեն ոտքի վրա էր ու անիծում էր աշխատանքային այն հիմար պայմանագիրը, որով աշխատանքը սկսվում է առավոտյան 9-ին։ Հիմարություն է, մտածում էր Սամսոնը, այդպես մարդը հակվում է ծուլության։ Եվ միշտ կեսօրին արթնացող Սամսոնը աշխատանքային ժամի ամենաճիշտ մեկնարկը համարեց աքլորականչը:

Ինչպես և սպասվում էր, դեռ գրասենյակի դռները փակ, Սամսոնն արդեն մարտական աքաղաղի պես կանգնած էր նրա դռներին ու ինչպես թատերաբեմ հանված մի իսպանական ցուլ, անհամբերությունից ոտքերով դոփում էր գետինն այնքան ժամանակ, մինչ հայտնվեցին առաջին ծիծեռնակները։

Առաջին ավետիսի հետ մեկտեղ այդ մարտական ցուլը սկսեց աստիճանաբար նվաղել ու վերածվել մի փափկասուն բադիկի, ով սկսում է օրոր շորոր ման գալ՝ նկատելով իրեն սևեռված հայացքները։ Գուցե այդ հայացքները ոչինչ չէին նշանակում, բայց Սամսոնն արդեն իր իսկ աչքերում մի Ապոլոն էր։

Այո, Սամսոնը Փանոսից մինչև Ապոլոնին հասնելը երկար ու դժվար ճանապարհ էր անցել ու հիմա լիովին իրավունք ուներ վայելելու իր՝ վաղուց սպասված երջանկությունը, եթե չլիներ մի շատ փոքրիկ, մի շատ չնչին հանգամանք։ Որքան էլ զարմանալի լինի, բայց միշտ չնչին պատճառներն են խաթարում երջանկությունը։ Որքան էլ մեղրը անարատ լինի, միշտ հայտնվում է մի փոքրիկ ճանճ, ով կարող է ապականել մեղրով լի մի հսկայական տակառ։ Եթե մարդը կարողանար անտեսել մանրուքները, գուցե հասներ հավիտենական երջանկության, բայց քանի որ մարդն ինքն իր էությամբ հակված է միշտ կարևորել հենց մանրուքները, հետևաբար հոգու նիրվանան նրա համար միշտ մնում է անհասանելի։

Սակայն Սամսոնի դժբախտության պատճառը փիլիսոփայական մտորումները չէին։ Այն շատ ավելի կենցաղային էր, շատ ավելի շոշափելի ու առարկայական։ Աշխատելով տասներկու աղջիկների միջավայրում, այնուամենայնիվ, Սամսոնը չէր կարող իրեն հավերժ երևակայել Ալլահի մարտիկ ու վաղ թե ուշ պետք է բախվեր կենցաղային այն մանրուքներին, որոնք իրեն դրախտից ստիպված վերադարձնելու էին իրական կյանք։

Իսկ իրական կյանքում կան զուգարաններ։ Այո, այո զուգարաններ։ Շատերի համար այն մի սովորական փոքրիկ անկյուն էր, Սամսոնի համար դժբախտության պատճառ։ Հաղթահարեով ուրախության առաջին վայրկյաններն ու մազապուրծ լինելով երջանկությունից ուղեղի կաթված ստանալու վտանգից՝ Սամսոնը աստիճանաբար հանդարտվեց ու աքլորից վերածվեց մի սովորական մարդու։

Գուցե մարդ լինելն ունի բազմաթիվ առավելություններ, սակայն դժբախտաբար ի տարբերություն աքլորի, մարդը չի կարող իր բնական կարիքները հոգալ ամեն տեղ կամ բոլորի աչքի առաջ։ Մարդը իր բացառիկ իմաստնության արդյունքում հնարել է զուգարանը, որն էլ Սամսոնի համար դարձել էր փառքի մի անհաս ճամփա։ Եվ քանի որ մարդը կյանքում կիսատ երջանկություն կարող է վայելել, սակայն դժբախտությունը միշտ լինում է կատարյալ ու անմնացորդ, ապա գրասենյակում զուգարան գնալու համար նախ հարկավոր էր մտնել շատ փոքրիկ խոհանոցը, որից էլ դուռը բացվում էր դեպի այդ բաղձալի փոքրիկ անկյունը։

Սամսոնը աշխատանքային ութ ժամերի ընացքում չէր կարողանում գտնել գեթ ութ վայրկյան, որպեսզի խոհանոցում նվազագույնը երկու աղջիկ չլինեին։ Զուգարան գնալու միտքը խելագարի պես պարուրել էր Սամսոնին։ Իհարկե օրվա մեջ լինում էին մի երկու-երեք վայրկյաններ, երբ խոհանոցը լքվում էր ու հենց այդ 2 վայրկյանները բավարար էին, որպեսզի Սամսոնը նետահարված եղնիկի պես իրեն գցեր զուգարան։

Բայց դա էլ ավելի էր դժբախտացնում Սամսոնին ու ապացուցում, որ գուցե յոթանասուն կույսերով լեցուն դրախտն այնքան էլ դրախտ չէ ։

Հենց Սամսոնը իր ետևից փակում էր զուգարանի դուռը, ապա անպայման լինում էր մեկը, ով նույնպես ցանկանում էր պաշտոնական այցով ժամանել այդ մոռացության անկյունը։ Բայց քանի որ նոր այցելուն չէր իմանում, որ Սամսոնը տվյալ պահին վայելում է իր անցողիկ երջանկության վայրկյանները, ապա այնպիսի կտրուկ շարժումով էր պտտում դռան բռնակը, որ որքան էլ Սամսոնը մինչ այդ 10 անգամ ստուգած լիներ գցե՞լ է փականն արդյոք, թե՝ ոչ, միևնույնն է ենթարկվում էր դաժանագույն սթրեսի։

Կամ առավել հաճախ նոր այցելուն նախքան բռնակը պտտելը, վառում էր լույսը, բայց քանի որ լույսն արդեն վառված էր, ստացվում էր, որ ակամա հանգցնում էր այն՝ ու Սամսոնին թողնելով անթափանց խավարի մեջ հանգիստ հեռանում։

Վերադարձի ճանապարհին Սամսոնը փափագում էր րոպե առաջ հասնել տուն ու սրտի ուզածին չափ փակվել գոնե իր սիրելի զուգարանում, որտեղ ամեն մի սալիկը այնքան ջերմ էր, սալիկի ամեն մի ճաքն այնքան մտերիմ, որ պատրաստ էր հարազատի պես գրկել ու համբուրել այդ սառը հատակն ու պատերը։

Այո, Սամսոնը կարոտել էր տան զուգարանը, բայց նա այդտեղ էլ չէր կարողանում գտնել իր հանգստությունը։ Ընտանիքի անդամներից որևէ մեկը չէր կռահում Սամսոնի դժբախտության զգացումը, որևէ մեկը չէր հասկանում օր օրի նիհարելու պատճառը։ Բոլորը տարակուսում էին նրա մտավոր փոփոխությունները նկատելով։ Եթե հասկանային, կթողնեին Սամսոնը սրտի ուզածին չափ մնար աշխարհի այդ ամենասովորական սենյակում և 15 րոպե չանցած չէին գոռա․ էդ աչքդ կպա՞վ։

Այժմ գիշերը կրկին դառել էր նրա ամենահավատարիմ բարեկամը։ Թեպետ քունն ամբողջովին փախել էր նրա աչքերից, փոխվել էին նրա երազանքներն ու նպատակները, բայց, այնուամենայնիվ, նա սիրում էր գիշերը։ Այլևս նա իրեն չէր երևակայում աստվածներին հավասար, չէր երազում բարեկեցության ու հարստության մասին։ Նա երազում էր սոսկ ունենալ իր սեփական զուգարանը, որտեղ նրան ոչ ոք չի խանգարի, որտեղ կարող է հասնել անարգել, առանց խոհանոցային դժոխքի միջով անցնելու։ Որտեղ ոչ մեկը դռան բռնակը չի պտտի, ոչ մեկը լույսը չի հանգցնի։

Շատ հաճախ Սամսոնը հայացքը հառում էր մի կետի ու պատկերացնում, որ ինքը գտնվում է մի գեղատեսիլ վայրում։ Դա մի անչափ գեղեցիկ անտառ էր, որի ծառերի ճյուղերին իրենց երգն էին դայլայլում տարատեսակ ծիտիկները։ Մեղուներն իրենց նեկտարն էին հավաքում ծաղիկների վրայից, իսկ թիթեռնիկներն անհամբեր սպասում էին մեղուների հեռանալուն, որպեսզի իրենք նույնպես քաղեն կյանքից իրենց հասանելիք վայելքը։

Երբեմն այս կամ այն ծառի տակից իրենց գեղեցիկ գլուխներն էին հանում պուտիկներով պատված եղնիկները և նապաստակներն այդ անմեղ կենդանիների վախից թաքնվում էին թփերի ետևում։ Անտառի միջով հոսում էր մի փոքրիկ գետակ, որը հանդիսանում էր այդ դրախտային անկյունի կենարար ուժը։

Այդ անտառում չկային գիշատիչ կենդանիներ, չկային մսակեր թռչուններ։ Այդտեղ իշխում էր բարությունն ու հավիտենական կյանքը և յուրաքանչյուր ծառի տակ կար մի փոքրիկ զուգարան, որոնց դռները հյուրընկալորեն բացվում էին Սամսոնի առջև։

Երկու ամսից Սամսոնը դուրս եկավ աշխատանքից, բայց նա էլ առաջվա Սամսոնը չէր։

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում