Շարմազանովը շատ ավելի լավ հայ է. Արմեն Աշոտյան

Ընտրությունները կավարտվեն, իսկ քսենոֆոբիայի՝ այլատյացության դրսևորումներով հակաքարոզչությունը՝ ընդդեմ «Հայաստանի հանրապետական» կուսակցության, կմնա որպես սև բիծ որոշ շրջանակների քաղաքական մշակույթի վրա:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է  ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում եղած այն հրապարակմանը, թե ՀՀԿ-ում դժգոհ են, որ Տարոն Մարգարյանի շտաբի պետ է ընտրվել ոչ երևանցի և կիսով չափ հույն Էդուարդ Շարմազանովը:

«Չեմ դադարում զարմանալ, թե ինչ մակարդակի են իջել մեր քաղաքական հակառակորդներն իրենց հակաքարոզչությունն իրականացնելիս: Ամեն օր, թվում է՝ այս ստորին սահմանից այլևս ներքև իջնել հնարավոր չէ, բայց իրենք այդ առումով միշտ տխուր ռեկորդներ են սահմանում: Կարծում եմ՝ նման խոսակցությունների տարածումը հետևանք է այն հիասթափության, որ մեր որոշ քաղաքական հակառակորդներ ապրեցին քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում: Եվ ստիպված են ավելի ու ավելի սևացնել հերթական քարոզչական տեխնոլոգիաները»,- ասաց Արմեն Աշոտյանը, և հոտո ավելացրեց. «Շարմազանովը շատ ավելի լավ հայ է, շատ ավելի հայրենասեր հայ է, քան մեր բազում այն «հայրենակիցները», որոնց գործունեությանն ականատես ենք լինում քարոզարշավի ընթացքում և քաղաքական դաշտում առհասարակ»:

Ըստ Աշոտյանի՝ ինքը չէ, որ պետք է ասի, թե որքան նողկալի բան է քսենոֆոբիան, և որ այն քաղաքական շրջանակների համար, որոնց համար այն հոգեհարազատ է, վստահաբար չեն կարող տեղ ունենալ Հայաստանի նոր քաղաքական մշակույթում: «Մյուս կողմից էլ, եթե այդ տրամաբանությանը շարունակենք երևանցու մասով, թեկնածուների մեջ կան մարդիկ, որոնք Երևանի հետ շատ աղոտ աղերսներ ունեն ընդհանրապես, էլ չասեմ, որ թեկնածուների հետևում կանգնած քաղաքական ուժերի շրջանակներում նույնպես շատ քիչ հայտնի երևանցիներ կան»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում