Մի մրահոն աղջիկ տեսա

Մի մրահոն աղջիկ տեսա
Ռիալտոյի կամուրջին,
Հորդ մազերը – գետ գիշերվա,
Եվ հակինթներ` ականջին:

Աչքերը սև – արևներ սև,
Արևների պես անշեջ,
Գալարում էր մեջքը թեթև
Ծաղկանկար շալի մեջ:

Աչքս դիպավ աչքի բոցին,
Ու գլուխըս կախեցի.
Ժպտաց ժպտով առեղծվածի,
Հավերժական կանացի:

Միամիտ չեմ` հավատամ քեզ.
Տառապանքս փորձ ունի.-
Մի մրահոն կույս էր քեզ պես,
Կոտրեց սիրտս պատանի…

Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում