«Ճաշակ թելադրող, ուժեղ վեպը» ներկայացվեց ընթերցողին

Հոկտեմբերի 23-ին կայացավ գրող, թարգմանիչ Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Գրականագետ Հայկ Համբարձումյանը նախ խոսեց «տարօրինակ» վերնագրի մասին, ապա ասաց, որ փեակները Հոմերոսի «Ոդիսականից» ու Չարենցի պոեմից հայտնի նավզիկեներն են, որոնք, ըստ առասպելի, պատժվում են մարդասիրության համար: Նրա ձեւակերպմամբ, բոլոր արդիական թեմաները տեղ են գտել Դիանա Համբարձումյանի վեպում՝ արտագաղթից մինչեւ օտար ափերում ինքնության պահպանության խնդիրներ:

Քսանամյա աղջիկը ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը, որը ընդմիջվում է մոր օրագրային գրառումներով:

Դիանա Համբարձումյանի նախորդ գրքի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը կարծում է, որ այս հեղինակն իրեն ավելի հոգեհարազատ է որպես վիպագիր: Նա հատուկ շեշտում է՝ վիպական տարածությունը փորձաքար է ամեն արձակագրի համար: Արքմենիկ Նիկողոսյանին դուր է եկել, իր ձեւակերպմամբ՝ հերոսների երկխոսակցականությունը, որին ընթերցողը նույնպես ցանկանում է մասնակցել:Նրա բառերով, «Փեակների տարաբախտությունը» ճաշակ թելադրող, ուժեղ վեպ է:

Գրականագետ Սաթենիկ Ավետիսյանը, որ վեպի առաջին ընթերցողներից է, ասում է. «Դիանան վերջին երկու ամիսներին ստիպել է մտածել այս վեպի մասին՝ անկախ նրանից, հիվանդ ես, առողջ, թե՞ գրիպի բացիլով»: Նա անդրադարձավ նաեւ վեպում արծարծված, իր բառերով, ցավերի ցավին՝ արտագաղթին, որի պատճառով մարդիկ կտրվում են արմատից ու դուրս շպրտվում բնական միջավայրից:

Դիանա Համբարձումյանն ուրախ էր, որ դահլիճում գրչակիցներ կային, եւ հենց գրողն է գրողին գնահատում: Նա մեկին-մեկիկ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց՝ սկսած սրբագրիչից, ավարտած հրատարակչով, որ նպաստել են իր գրքի լույս աշխարհ գալուն: Չմոռացավ նաեւ սիրելի ուսանողներին, որոնցից էներգիա է ստանում: 20 գրքի հեղինակն ուրախությամբ փաստեց, որ «Փեակների տարաբախտությունը» «Զանգակ» հրատարակչության շնորհիվ վերջերս ներկայացվել է նաեւ Ֆրանկֆուրտի տոնավաճառին:

Շնորհանդեսին հատվածներ ընթերցվեցին վեպից, նաեւ խաղարկություն կայացավ, որի հաղթողները ստացան Դիանա Համբարձումյանի տասը գիրք:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում