Հոլանդացիներից կազմված երգչախումբը ելույթ է ունենալու Արամ Խաչատրյան տուն-թանգարանում

Արամ Խաչատրյան տուն-թանգարանում այսօր կայանալու է հոլանդացիներից կազմած Caucasica երգչախմբի համերգը: Որպես մենակատար հանդես է գալու 15-ամյա դաշնակահար Անդրեյ Մակարովը: Panorama.am-ին երգչախմբի հիմնադիր և դիրիժոր հայազգի Յուրի Մակարովն (Մակարյանց) ասաց, որ երգչախմբի անդամները մեծ ուրախությամբ են եկել Հայաստան, երջանիկ են, որ ելույթ են ունենալու նաև հայ հանդիսատեսի համար:

Նրա ներկայացմամբ, երգչախումբը, որը կազմված է ոչ պրոֆեսիոնալ երաժիշտներից, կատարում է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական, վրացական երգեր:

«Համերգի առաջին մասում ելույթ կունենա երգչախումբը, այնուհետև Անդրեյ Մակարովը, վերջում կեզրափակի երգչախումբը»,- նշեց Յուրի Մակարովը:

Դիրիժորը պատմեց, որ երգչախումբը ստեղծել է 1998 թվականին հոլանդական Գրոնինգեն քաղաքում:

«Սկզբում հինգ մարդ էր, հետո աստիճանաբար ավելացան մեր խմբի անդամները: Բոլորը հոլանդացիներ են: Եղել է ժամանակ, երբ մեզ միացել են նաև հայեր, ռուսներ, վրացիներ, նույնիսկ ադրբեջանցիներ, ովքեր եկել էին Հոլանդիա՝ սովորելու:

Երգացանկն ընդգրկուն է՝ հայկական, ռուսական, վրացական երգեր, ինչպես դասական, այնպես էլ ժողովրդական: Նրանք ոչ միայն ուղղակի երգում են, նաև ուսումնասիրում են այդ երկրների մշակույթը: Նրանք չեն տիրապետում այդ լեզուներին, ես նրանց տալիս եմ այդ երգերի թագմանած տարբերակները, որպեսզի հասկանան, թե ինչի մասին են երգում, սովորեցնոմ եմ՝ ինչպես ճիշտ արտաբերեն բառերը: Այդ բոլոր մարդկանց շատ է դուրս գալիս կովկասյան մշակույթը»,- ասաց խմբի ղեկավարը:

Հարցին, թե ավելի շատ որ լեզվով են նախընտրում երգել, Յ. Մակարովն ասաց, որ այնպիսի երգեր, որոնց կատարումն ավելի հեշտ է, հեշտությամբ են կարողանում արտաբերել բառերը, զգում են ամբողջությամբ:

Հոլանդացիները մեծ սիրով են կատարում Կոմիտասի գործերը: Յուրի Մակարովն ասաց, որ իրենք անպայման այցելելու են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Նրանք հասկանում են այդ ցավը, որը զգում են նաև մեր երաժշտության միջոցով: Ինչ շատ հաճելի է, որ ես հոլանդացիների միջոցով էլ ավելի շատ եմ ըմբռնում, ընկալում իմ սեփական մշակույթը»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում