Պարզվում է, որ «Ծառուկյան» հիմնադրամը բարեգործություն է անում դեռեւս 18-րդ դարից սկսած

Երեկվանից «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ավտոբուսները Ավանից-«Այրարատ» կինոթատրոն անվճար ուղևորափոխադրումներ էին իրականացնում:
Այս փաստը դժգոհություն ալիք էր բարձրացրել Ավանի բնակիչների շրջանում: Նրանցից մեկը HayNews.am-ի հետ զրույցում նշել էր. «Այսօր գալիս է քարոզարշավ՝ ավագանու ընտրություններ, պարոն Գագիկ Ծառուկյանը մեզ բարեգործություն է անում: Դա մեզ բացարձակապես պետք չէ»։

Հարցին’ ինչո՞ւ հիմա ԲՀԿ–ն որոշեց անվճար ավտոբուսներ տրամադրել այս երթուղով, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը HayNews.am–ի հետ զրույցում նման պատասխան տվեց. «250 տարի առաջ’ 1750 թվականից սկսած, ոչ թե ԲՀԿ-ն, այլ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն ուղղակի ամբողջ Երևանով ու Հայաստանով մեկ’ սկսած տարբեր մարզերից’ Գյումրի, Չարենցավան և այլն, ավտոբուսներ է տրամադրում»:

Նկատենք, որ պատգամավորի նշած «մարզերն» ընդամենը քաղաքներ են։

Մեր դիտարկմանը, որ Ավան վարչական շրջանի բնակիչները դժգոհել են’ ասելով, որ անվճար ավտոբուսները երթուղի մտցնելը ընտրակաշառքի մի ձև է, պատգամավորը կրկնեց նույնը. ««Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը դեռ 250 տարի առաջ բարեգործական ավտոբուսներ էր տրամադրում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում