Ինչպես ԵԱՀԿ-ն չտվեց Հայաստանի 50 միլիոն դոլարը

«Այնպես չէ, որ միջազգային կառույցներում արդարությունը դարձել է հիմնական գործիք ու գործելակերպ: Այնտեղ էլ ստորջրյա հարցեր շատ կան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանն` նկատելով, որ հենց այդ պատճառով ՅՈՒՆԵՍԿՕ-ում արձագանք չէին գտնում Նախիջեւանի հայկական խաչքարերի խնդիրը, Բաքվում հայկական գերեզմանների քանդելն ու ճանապարհ սարքելը եւ նման բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք մեր կողմից բարձրացվում էին:

«Այնպես չէր, որ Բաքուն շատ վճռորոշ դեմ էր: Իհարկե, արտաքուստ այդպես էր, Բաքուն չէր ցանկանում, որ գան, ասում էր, որ թույլ չի տա»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այս հարցում վճռորոշ դերակատարում ուներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի կառույց էր եւ այնպես չէ, որ ինքնուրույն էր որոշումներ կայացնում. «Սա նշանակում է, որ ՄԱԿ-ի ընդհանուր ղեկավարության մեջ, Բոկովայի սուբյեկտիվ գործողություններին մեծ ընդդիմություն չի եղել:

Մեր մամուլն էլ բազմիցս անդրադարձել է «Ալիեւի կլան-Մեհրիբան-Բոկովա» կապին եւ մեկ անգամ չէ որ նա հայտնվել է սկանդալի մեջ: Օրինակ, անցյալ տարի Եվրոպայի հայկական համայնքի բարձրացրած Նյու-Յորքում գնված բնակարանների եւ դրանց գների հարցը»:

Այսպիսով, մեր զրուցակիցը եզրակացնում է. «Խավիարային դիվանագիտությունը ոչ ՄԱԿ-ին է խորթ, ոչ ՅՈՒՆԵՍԿՕ-ին»: Ամեն դեպքում, այն, որ նաեւ հայկական կողմի ջանքերով եւ բարձրացրած աղմուկի արդյունքում հաջողվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի ընտրություններում տապալել Ադրբեջանի ջանքերը, տիկին Խառատյանը կարծում է, որ պետք է հիմք լինի, որպեսզի մեզ ներշնչված բարդույթը`փոքր երկիր ենք, ՌԴ-ի ենթակայության տակ ենք, ո՞վ պիտի մեզ լսի եւ հաշվի առնի, պիտի մոռանանք:

Նա առաջարկում է այլեւս շարժվել հետեւյալ սկզբունքով`ես ինձ զգում եմ ՄԱԿ-ի սուբյեկտ երկրի քաղաքացի եւ անկախ այդ կառույցում վայրիվերումներից, իմ գործելաոճը չի փոխվում: Հ

իշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնում էր 7 թեկնածու, այդ թվում՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն: Ընտրության առաջին փուլում նա 2 ձայն է ստացել: Ի դեպ, Ադրբեջանի թեկնածուի առաջադրումն էլ խախտումներով է եղել:

Ընտրությունների երկրորդ փուլում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվել է Ֆրանսիայի ներկայացուցիչը: Տեղեկացնենք, որ հայկական հասարակական կազմակերպությունները «սրբազան պատերազմի» էին դուրս եկել` ընդդեմ այս թեկնածության:

Հրանուշ Խառատյանը նկատում է, որ համանման խնդիր կա նաեւ ԵԱՀԿ-ի հետ: Այս կառույցում կա ազգային եւ կրոնական խտրականությունների հարցերով կոմիսար:

«Խնդրեցինք, աղաչեցինք, որ իր սուրբ պարտականությունը կատարի եւ մեկ անգամ արագ արձագանքի մեր ահազանգին»,- պատմում է մեր զրուցակիցը` հավելելով, որ ՀՀ իշխանություններին է մեղադրում, քանի որ «այդ մարդիկ մեզ հետո ասացին, որ այդ հարցերը ձեր արտաքին քաղաքական օրակարգում չկան»: Ի՞նչ պատճառով, ինքը չգիտի:

Ամեն դեպքում, համոզված է` ոչ մի աշխատանք անիմաստ չի անցնում: Այլ հարց, որ երբեմն կարող են անկանխատեսելի արդյունքներ լինել: Օրինակ, երեք տարի առաջ գործընթաց է սկսվել նաեւ ադրբեջանահայ փախստականների խնդրով, որը ոչ Մինսկի խմբի օրակարգում կա, ոչ բանակցային փաթեթում:

Տիկին Խառատյանն անձամբ ՀՀԿ-ականների հետ հանդիպել-համաձայնեցրել է, որ իրենց չխանգարեն: Մինչեւ հիմա չեն խանգարել: Բայց այս դեպքում այլ խնդրի են հանգել: Երկու տարի առաջ Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարը: Նման պաշտոնյա առաջին անգամ է Հայաստան եկել: Իրենք պատրաստվել են, բայց վերջինս հանդիպել է միայն երկրի նախագահի հետ, որն էլ ասել է, թե Հայաստանը Ադրբեջանի հետ այս հարցով որեւէ քաղաքական խնդիր չունի: Հետո իմացել են, որ ՄԱԿ-ը 50 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին` ՀՀ-ի ներսում փախստականների հարցերը լուծելու համար, միայն Հայաստանը հայտարարի, որ Ադրբեջանի հետ նման քաղաքական խնդիր չունի: «Այդ գումարն էլ մինչեւ հիմա չկա:

Բայց սա է իրականությունը: Սա էլ արդյունք է, որից դատողություններ պետք է անենք»,- ասում է մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում