«Պոստ ֆակտում…Անցյալը սահմանում է ապագան»՝ կեղծիքի բացահայտում
Նմանատիպ
Հոկտեմբերի 26-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Պոստ ֆակտում…Անցյալը սահմանում է ապագան» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում է Կոմիտաս վարդապետի երաժշտագիտական գործունեության և այն մասին, թե ինչպես նա դարձավ քաղաքական և հասարակական հակասությունների զոհ:
Միջոցառմանը ներկա կգտնվեն ֆիլմի ռեժիսոր Մովսես Գասպարյանը, պրոդյուսեր և օպերատոր Գագիկ Հարությունյանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի երաժշտական ֆոնդի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Մարինե Մուշեղյանը, ովքեր կխոսեն ֆիլմի մասին՝ ներկայացնելով Կոմիտասի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին պատմող ուշագրավ փաստեր: Մուտքն ազատ է:
Panorama.am-ի հետ զրույցում Գագիկ Հարությունյանն ասաց, որ մինչև «Պոստ ֆակտում…Անցյալը սահմանում է ապագան» ֆիլմի ցուցադրությունը, նախ կցուցադրվի «Գութաներգ» վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է Կոմիտասի կարևորագույն աշխատանքը, որի վրա ծավալվում է ամբողջ ֆիլմը:
«Երկրորդ ֆիլմում խոսքը գնում է մի կեղծիքի բացահայտման մասին: Մենք այդ բացահայտումից փորձում ենք ընդհանրացնել և գնալ ընդհանուր հարցերի, այսինքն՝ ինչքանով ենք մենք մեր ժառանգությանը տեր կանգնում, եթե տեր չենք կանգնում, մեզանից ինչպես են փախցնում: Դա հիմնված է կոնկրետ փաստերի վրա: Բացահայտումը նաև բերում է նրան, որ շատ հարցերին գոնե մենք սկսել են այլ տեսանկյունից նայել՝ ինչքանով ենք ճանաչում Կոմիտաս վարդապետին, ինչքանով ենք զարգացնում այդ գիծը»,- նշեց նա:
Խոսելով կեղծիքի մասին՝ Գ. Հարությունյանն ասաց. «Սխալ ինֆորմացիա է եղել, իբրև Կոմիտասը Գերմանիայում դիպլոմային աշխատանքը պաշտպանել է քրդական ժողովրդական երգի թեմայով: Ինքն ընդհանրապես ոչ մի դիպլոմային այնտեղ չի պաշտպանել, այդ համակարգը չի էլ եղել: Դա ժամանակին եղել է պաշտպանողական ակցիա:
Ինչո՞ւ:
Որովհետև Կոմիտասին մեղադրել էին ազգայնամոլության մեջ դեռ մինչև 1915 թվականը: Կեղծ տեղեկատվություն տարածողները եղել էին հայերը, որ պաշտպանեին Կոմիտասին: Մենք դա ֆիլմում ապացուցում ենք փաստաթղթերի միջոցով, որոնք հայտնաբերել ենք ոչ թե Գերմանիայում, Երուսաղեմում, այլ մեր արխիվում»:
Նա նաև նշեց, որ ֆիլմի ցուցադրությունից հետո երաժշտագետ Մարինե Մուշեղյանը ներկայացնելու է ընդհանրապես չհրապարակված մի փաստաթուղթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում