Ավարտվեց «Վենետիկի Մխիթարյան Միաբանություն-300» միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում շարունակվեց «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակական գիտությունների բաժանմունքի, Երևանի պետական համալսարանի, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աջակցությամբ:

Գիտաժողովն ընթացավ «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում», «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում», «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» թեմատիկ նիստերով:

«Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստում «Մխիթարյան միա­բա­­նության հայատառ թուրքերեն հրատարակու­թյուն­ները» զեկույցով հանդես եկավ Հասմիկ Ստեփանյանը (ՀՀ ԳԱԱ ԱԻ), «Վենետիկի Մխի­թարյանների գաղափարական հայրենիք ստեղծելու մո­դելի տեղայնացումն Ալեքսանդրապոլում» զեկույցով՝ Գևորգ Այվազյանը (ՀՀ ԳԱԱ ՇՀՀԿ), «Հայր Միքայել Չամչյանը և իր գործունեությունը Բասրայի մեջ 1769-1774 թթ. (համառոտ ակնարկ)» զեկույցով՝ Սեդա Օհանյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ներսես Ակինյանի գոր­ծունեությունը Խորհրդային Հայաստանում նորահայտ փաստաթղթերի լույսի ներքո»՝ զեկույցով՝ Համո Սուքիասյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Ս. Ղազարի ձեռագրա­գետ հայրերը և նրանց կազմած ձեռագրացուցակները» զեկույցով՝ Քնար Հարությունյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանների ավանդը հայ քննական պատմագրության ձևավորման մեջ» զեկույցով՝ Արման Մալոյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Մխիթարյան միաբանության դպրոցաշինութեան պատմութիւնն ի սփիւռս աշխարհի» զեկույցով՝ Ավետիս Ափոշյանը (ԵՊՀ):

«Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» թեմատիկ նիստում «Մխիթա­րյան­ները Լեոյի գրապատմական ուսումնասիրություն­նե­րի հա­մա­տեքստում» զեկույցով հանդես եկավ Սուսաննա Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական դասա­կա­նապաշտության (կլասիցիզմի) տեսական և գե­ղարվես­տական առանձնահատկությունները Մխիթար­յան­ների տե­սական, գեղարվեստական գրականության մեջ» զեկույցով՝ Դավիթ Գասպարյանը (ՀՀ ԿԳՆ ԿԱԻ), «Դասագրքերի Մխի­թա­րյանների 18-րդ դարի հրատարակությունները» զեկույցով՝ Քրիստինե Մելքումյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Արսեն Բագրա­տու­նու «Հայկ դյուցազն» պոեմը» զեկույցով՝ Սիրանուշ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Վենետիկի Մխի­թա­րյան միաբանությունը Վիգեն Իսահակյանի հուշերում» զեկույցով՝ Ավետիք Իսահակյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հովհ. Թումանյանը Մխիթարյանների գնահատմամբ» զեկույցով՝ Եվա Մնացականյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Հայկական վերա­ծնութ­յան հարցը Մխիթարյանների՝ հայ գրականու­թյան պարբերաբաժանման համակարգում» զեկույցով՝ Լուսինե Վարդանյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Գաբրիել Այվազյանը Մխիթա­րյան միաբանության անդամ» զեկույցով՝ Հասմիկ Իրիցյանը (ՀՁԳԻԹ), «Մխիթարյանները և հայոց լեզվափիլիսոփայության տարրեր» զեկույցով՝ Լուսինե Ավետիսյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ):

«Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստում «Մխիթարյան թատերագրությունը սրբախոսությունից կլասիցիզմ» զեկույցով հանդես եկավ Հենրիկ Հովհաննիսյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Քրիստափոր Կարա-Մուրզան և Վենետիկի Մխիթարյան միաբա­նութ­յու­նը» զեկույցով՝ Լիլիթ Արտեմյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Վենետիկի Մխիթարյանները և միջազգային գեղարվեստը» զեկույցով՝ Արծվի Բախչինյանը (ՀՀ ԳԱԱ ՊԻ), «Եվրոպական երաժ­շտատեսական մտքի դրսևորումները Խաչատուր Էր­զ­րու­­մեցու և Մխիթար Սեբաստացու աշխատութ­յուն­նե­րում» զեկույցով՝ Անի Մուշեղյանը (ՀՀ ԳԱԱ ԳԻ), «Ձեռագիր գրքերը, որպես ազգային խոհանոցի ուսումնասիրության աղբյուր (Դի­տար­կումները` ըստ Վենետիկի Մխիթարյան միա­բանու­թյան Մատենադարանի ձեռագրերի)» զեկույցով՝ Խորեն Գրիգորյանը (ՀՀ Մշ.նախ.), «Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հ. Ղ. Տայանի «Շարական Հայաս­տանեայց եկեղեցւոյ» բազմահատոր շարակնոցի անտիպ Ա. Հատորը» զեկույցով՝ Արփի Վարդումյանը (ՀՁԳԻԹ), «Հայր Ղևոնդ Ալիշանը հայկազուն սրբերի հետքերով» զեկույցով՝ Մարիաննա Տիգրանյանը (ՀՀ ԳԱԱ ԱրվԻ), «Տայքի և Գուգարքի ճար­­տարապետությունը` Մխիթարյան միաբանների աշ­խա­­­տություններում» զեկույցով՝ Դավիթ Նահատակյանը (ՃԱԹԻ):

Միջազգային գիտաժողովի ավարտին գումարվեց լիագումար նիստ, որը վարեց պ.գ.դ. Գևորգ Ստեփանյանը: «Մխիթարյանների գործունեությունը պատմագիտության ասպարեզում» թեմատիկ նիստերի արդյունքներն ամփոփեցին պ.գ.դ.Գևորգ Ստեփանյանը և պ.գ.թ. Արմեն Մարուքյանը, «Արվեստը և մշակույթը Մխիթարյանների գործունեության մեջ» նիստը՝ արվ.դ. Արարատ Աղասյանը, «Մխիթարյանների ավանդը բանասիրության ոլորտում» նիստը՝ բ.գ.թ. Հերիքնազ Որսկանյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զեքիյանը: Նա շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին և հնչած հինգ տասնյակից ավելի գիտական զեկույցների հեղինակներին՝ նշելով. «Մխիթարյան հայրերի գործունեությունը համակողմանի ներկայացնելու առումով այս գիտաժողովը, իրավամբ, խոշոր ներդրում էր:

Կարծում եմ՝ չարժե սպասել հոբելյանների, նման համաժողովներ կազմակերպելու համար: Այս գիտաժողովին Լուսինե Ավետիսյանն իր զեկույցը ներկայացրեց հրաշալի գրաբարով: Ես կուզեի, որ դպրոցներում հայ մանուկներին դասավանդվի գրաբար, որպեսզի նրանք տիրապետեն մեր կատարյալ հայերենին»:

Լևոն արք. Զեքիյանը հավելեց, որ Մխիթար Սեբաստացին և նրա հավատարիմ աշակերտները գիտնական և արվեստաբան լինելուց առաջ կրոնավորներ էին և շատ ուրախալի է, որ գիտաժողովի ընթացքում չստվերվեց այդ հանգամանքը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ի դեմս Զեքիյանի և Մխիթարյանների հոգևոր հայրերի, արևմտահայերենը ապրում ու ծաղկում է:

«Մխիթարյան միաբանությունը եվրոպական քաղաքակրթության մեծագույն կենտրոններից մեկն է, և մենք հպարտ ենք, որ նրա հիմնադիր Մխիթար Սեբաստացին և Միաբանության հայրերը մեծ հայեր են: Ուրախալի է հատկապես այն փաստը, որ զեկուցողներից շատերը երիտասարդներ էին, և նրանք տիրոջ ու իրավահաջորդի դիրքերից խոսեցին Միաբանության մասին:

Իրականում Հայաստանում և Սփյուռքում գործող բոլոր հայագիտական կենտրոնները սովորելու շատ բան ունեն Մխիթարյան Միաբանությունից», – նշեց Մելքոնյանը:

Գիտաժողովի ավարտին Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նախարար Հրանուշ Հակոբյանի անունից շնորհակալություն հայտնեց միջազգային գիտաժողովի կազմակերպիչ կառույցներին արդյունավետ համագործակցության համար և նշեց. «Մենք ընդունում ենք Մխիթարյանների անունով Երևանում փողոց անվանակոչելու առաջարկը և Հայաստանում Մխիթարյանական ընթերցումներ և գիտաժողովներ պարբերաբար կազմակերպելու անհրաժեշտության գաղափարը»:

Նախարարի տեղակալը հավելեց, որ առաջիկայում կտպագրվեն գիտաժողովի զեկուցումները «Բազմավեպ» հայագիտական հանդեսի բացառիկ համարում:

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում