Իտալիայի նոր սերնդի ամենահետաքրքիր դաշնակահարներից մեկը՝ հայաստանյան բեմում
Նմանատիպ
Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում առաջին անգամ Հայաստան է ժամանել հանրահայտ դաշնակահարուհի Գլորիա Կամպաները:
Հայտնի դաշնակահարուհին հոկտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Փառատոնի մամուլի ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ սա նվագախմբի և Գլորիայի արդեն երկրորդ համագործակցությունն է. կոլեկտիվն ու երաժիշտը միասին հանդես են եկել Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» փառատոնին:
Քննադատներն ու հանդիսատեսը Վենետիկում ծնված դաշնակահարուհի Գլորիա Կամպաներին համարում են Իտալիայի նոր սերնդի ամենահետաքրքիր երիտասարդ դաշնակահարներից մեկը: 12 տարեկանում նա առաջին անգամ ելույթ է ունեցել Վենետիկի սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Դրան հաջորդել են ավելի քան 20 առաջին մրցանակները ազգային և միջազգային մրցույթներում:
«Ես անհամբեր սպասում եմ մեր համերգին: Երիտասարդական նվագախմբի հետ ելույթ ենք ունեցել «Ալ Բուստան» փառատոնի ընթացքում: Կարող եմ փաստել, որ ընկերներիս հետ եմ նվագելու, հիասքանչ երաժիշտներ են՝ լի դրական էներգիայով, դրականը հանդիսատեսի հետ կիսելու ցանկությամբ: Առաջին անգամ ենք նվագում այստեղ` նվագախմբի հայրենիքում: Այս փաստը յուրահատուկ շունչ կհաղորդի մեր ելույթին»,- նշում է Գլորիա Կամպաները:
Երաժիշտն ասում է, որ ինքը քաջատեղյակ է հայկական երաժշտական ավանդույթներին ու պատմությանը: Երևանյան համերգի ընթացքում դաշնակահարուհին և Երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կներկայացնեն Սերգեյ Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը:
«Այս կոնցերտն ինձ համար շատ հուզիչ նշանակություն ունի: Երբ ես փոքր երեխա էի, սա իմ ամենասիրելի գործն էր, իմ երազանքն էր կատարել այն նվագախմբի հետ: Այս ստեղծագործության կատարումը նվագախմբի հետ իմ կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր, երբ 16 տարեկան էի: Իմ երազանքն այդ ժամանակ իրականացավ»,- պատմում է երաժիշտը:
Իր գործունեության ընթացքում Գլորիան համագործակցել է անվանի արվեստագետների հետ՝ ժամանակակից, այդ թվում և ջազ երաժիշտներ, բալետի և այլ ժանրի պարողներ:
Գլորիայի խոսքով, չնայած իր ստեղծագործական կյանքում գերակշռում է դասականը, սակայն իրեն հետաքրքիր են երաժշտության տարբեր ժանրերը: Նա հավատում է, որ երաժշտության հզոր ուժն ի զորու է օգնել մարդկությանը։
«Ես սիրում եմ երաժշտության բոլոր ժանրերը, չեմ կարող իմ կյանքը պատկերացնել առանց երաժշտության»,- ասում է նա:
Որպես կամերային երաժիշտ՝ Գլորիան նվագել է բազում հայտնի երաժիշտների՝ Իվրի Գիտլիսի, Աննա Չումաչենկոյի, Միխայիլ Կուգելի, Սերգեյ Կրիլովի և այլոց հետ, ինչպես նաև Շտուդգարտի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի մենակատարների հետ:
Վերջին կարևոր իրադարձություններից են երկրորդ չինական շրջագայությունը (ներառյալ համերգները Պեկինի Կատարողական արվեստների ազգային կենտրոնում), մենահամերգները Բրազիլիայում, կամերային համերգները Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի անդամների հետ, ինչպես նաև առաջնաելույթները RSI նվագախմբի հետ Լուգանոյում և Իտալական ռադիոյի ազգային սիմֆոնիկի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում