Կռունկն ու աղվեսը

Աղվեսն ու կռունկը ընկերացան: Կռունկը բույն շինեց, ձու ածեց, թուխս նստեց, ձագ հանեց: Աղվեսն էլ ձագեր ունեցավ, մայր դարձավ: Մի օր Կռունկը դուրս գնաց ձագերի համար կերակուր բերելու, տնպահ աղվեսը բռնեց Կռունկի ձագերից մեկին, կոլորեց, վիզը ոլորեց, անուշ արավ: Տուն եկավ Կռունկը և ինչ տեսնի… Աղվեսը լալիս է, իրեն քրքրում ու ասում.

– Կռունկ քուրիկ, էսպես էլ անբախտություն…

– Ինչ անբախտություն, ինչ է պատահել, Աղվես քուրիկ:

– Բա չես ասի, մեր բալիկը չկա ու չկա: Էնքան ման եկա, էնքան ման եկա, չկա ու չկա:

– Որ բալիկը:

– Մեր բալիկը:

 – Մեր որ բալիկը:

– Նա, նա,

Աչքս կուրանա.
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ…

Գովում էր Աղվեսը, իրան քրքրում, մին խփում, հազար թափում:

– Աղվես քուրիկ, – ասում է Կռունկը, 

-Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի թափի,
Արցունք մի չափի,
Դա էլ չար բախտից,

Դա էլ մեր բախտից:

– Հա, հա, – հեկեկում էր աղվեսը, – հա, Կռունկ քուրիկ, հա, լացը չի օգնի, անցածն անցած է:

Երկրորդ օրը Կռունկն էլի գնում է կերակուր բերելու:

Տնպահ աղվեսը հիմի բռնում է Կռունկի մյուս ձագին կոլորում, վիզը ոլորում, անուշ անում, տեղը բան չի թողնում:

Տուն է գալիս Կռունկը և ինչ տեսնում… Աղվեսը երեկվանից ավելի դառը լալիս է , մի խփում հազար թափում, իրեն քրքրում ու լալով ասում.

 – Ախ, Կռունկ քուրիկ,

Քուրիկ ու մերիկ,
Իմ աչքը դուրս գա,
Աշխարհը փուլ գա,
Փափկամազիկ,
Երկար վզիկ,
Երկար ոտիկ,
Երկար տոտիկ,
Բոյը բարձրիկ,
Ձենը քաղցրիկ,
Էն մի բալիկն էլ չկա:

Կռունկն էս անգամ հասկանում է, որ ձագերին ուտողը քուրիկ աղվեսն է, բայց իրան չհասկացողի տեղ է դնում ու ասում.

– Աղվես քուրիկ,
Քուրիկ, մուրիկ,
Դու ձագի տեր ես,
Դու սիրող մեր ես,
Արցունք մի թափի,
Կաթդ կցամքի,
Դա էլ չար բախտից,
Դա էլ իմ բախտից…

-Դու ճիշտ ես ասում, այ Կռունկ քուրիկ, չար բախտի ձեռքից ում գնանք գանգատ, – հեկեկում էր աղվեսը ու մտքում ծիծաղում Կռունկի վրա:

– Աղվես քուրիկ, – մի օր էլ ասում է Կռունկը, – էն է իմ ձագերը կորան, տանողի աչքը դուրս գա, քո ձագերն էլ մեծացան, իրենք իրենց կապրեն: Արի գնանք քիչ ման գանք, սրտներս բացվի:

 – Է, ուր գնանք, Կռունկ քուրիկ

– Այ հենց, կուզես երկինք թռչենք, տեսնենք վերևում ինչ կա:

– Ինչ ես ասում, քուրիկ, – ծիծաղեց աղվեսը, – ինչպես կարող եմ քեզ հետ թռչել, ես թև չունեմ:

– Է, ինչ անենք, որ չունես, ես հո ունեմ: Նստիր ինձ վրա, միասին թռչենք:

Աղվեսն ինքն իրեն մտածում է.

«Էս ինչ լավ եղավ. Կգնամ երկինք, պատահած թռչունը կխեղդեմ, վեր կածեմ գետին, ետ գալիս էլ քուրիկիս կբռնեմ կուտեմ… Սրանից էլ լավ բան»:

Աղվեսը նստում է Կռունկի մեջքին:

Կռունկը թափահարում է թևերը, վեր բարձրանում, գնում է ու գնում, հասնում երկինք ու հանկարծ շուռ է գալիս: Մեկ էլ Աղվեսը մեջքի վրա դրըխկ… ընկնում է գետին ու իրեն ջարդում:

– Աղվես քուրիկ, ցած գալով ասում է Կռունկը, – էդ էլ քո բախտից, էդ էլ քո բախտից:

Աթաբեկ ԽՆԿՈՅԱՆ (Խնկո Ապեր)

Հետևեք մեզ նաև Telegram-ում