Սև ամպեր հայկական «կոնյակի» գլխին

Օրակարգը գրում է. «Հայաստանը Եվրամիության հետ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ քննարկումներում խնդիրների է առերեսվել: Բանակցություններում եվրոպական կողմը առաջ է քաշել «կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջ: Հայկական կողմը չգիտի՝ ինչով փոխարինի այն: Ապրլի 16-ին Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, որը գլխավորում է հայկական կողմի բանակցային թիմը, նշել է, որ համաձայանգիրը ենթադրում է յուրաքանչյուր կողմում գրանցված աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչում: Խոսքը մասնավորապես, «կոնյակ» կամ «շամպայն» բառերի օգտագործման մասին է: «Կոնյակի» շուրջ մինչ այս էլ են ծավալուն քննարկումներ եղել, հարցը ներկայում էլ է օրակարգում:

«Հուսով ենք եվրոպական կողմի հետ գտնել այնպիսի լուծում, որը կբխի միջազգային ընդունված նորմերից և օրենսդրությունից և չի վնասի տեղական արտադրողին: Անակնկալ ու կտրուկ որոշումներ չեն լինի»,- նշել է Մելքոնյանը: Ըստ նրա՝ «կոնյակ» բառը պաշտպանված է եվրոպական օրենսդրությամբ, գրանցված է որպես աշխարհագրական նշում: Հայկական կողմը եվրոպական գործընկերներին ներկայացրել է, որ կոնյակը Հայաստանում ընկալվում է որպես ապրանքատեսակ: Այս հարցով քննարկումները դեռ չեն ավարտվել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում