Մայր Աթոռում տեղի կունենա «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» կոնֆերանս

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 9:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների ջանքերով` համագործակցությամբ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և ԵՀԽ-ի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի, կմեկնարկի «Միջմշակութային և միջկրոնական երկխոսություն. կրոնական թանգարանների առաքելությունը» խորագրով միջազգային կոնֆերանսը:
Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։

Կոնֆերանսը կազմակերպվում է ի նպաստ ամբողջ աշխարհում և հատկապես Մերձավոր Արևելքում, կովկասյան ու անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման:

Խնդրո կոնֆերանսի կազմակերպումը նպատակ է հետապնդում, առաջին անգամը լինելով, ի մի ժողովել կրոնական մշակույթները ներկայացնող թանգարանների, որպեսզի որոշ թեմաների շրջանակներում ծավալվելիք զեկուցումների ու քննարկումների արդյունքում վեր հանվեն հիշյալ թանգարանների տեղն ու դերը հասարակությունների կյանքում, ինչպես նաև խնդրո թանգարանները միմյանց ի մոտո ճանաչելով`ձեռնամուխ լինեն սերտ համագործակցության` համերաշխության ու հանդուրժողականության գաղափարների հաստատման գործին բարի ու կարևոր ծառայություն մատուցելով, նպաստելով միջկրոնական, միջմշակութային երկխոսության ճանապարհով ցանկալի և բարերար համերաշխության ու խաղաղության հաստատմանը հասարակությունների մեջ:

Կոնֆերանսի թեմաներն են՝

ա. Մասնակից թանգարանների ներկայացում։

բ. Էթնոսի կյանքում կրոնի տեղն ու առաքելությունն անցյալում և այսօր։

գ. Կրոնական մշակույթի ստեղծման ու զարգացման պատմությունը։

դ. Կրոնական թանգարանը` որպես կրոնական հուզումների և զգացմունքների առաջացման ու զարգացման օջախ։

ե. Կրոնական մշակույթների նպաստը միջազգային համերաշխության և հանդուրժողականության գաղափարների հաստատման գործում:

Կոնֆերանսին մասնակցում են թանգարանագետներ, արվեստագետներ Հայաստանից, Ռուսաստանից, Իտալիայից, Իրանից և Ֆինլանդիայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում