Կայացել է ամերկահայ մանկագիր Ֆիրա Ակյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված ցերեկույթը
Նմանատիպ
Հոկտեմբերի 27-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանի գրողների միության աջակցությամբ տեղի ունեցավ ամերիկահայ մանկագիր, երգահան, տիկնիկագործ Ֆիրա Ակյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված ցերեկույթ, որին ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արվեստագետներ, ընթերցողներ: Ողջունելով ներկաներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Ֆիրա Ակյանի գրական-մշակութային գործունեությունը:
«Սիրելի՛ Ֆիրա, դու քո հեքիաթների, պատմվածքների, տիկնիկների, երաժշտության միջոցով կարողանում ես գրավել բոլորիս: Ես բարձր եմ գնահատում հատկապես քո հայապահպան գործունեությունը հեռավոր Ամերիկայում: Դու գրականից բացի՝ նաև լրագրողական ակտիվ գործունեություն ես իրականացնում: Լինելով ԱՄՆ հայ գրողների և լրագրողների միության փոխնախագահ, «Ծիր կաթին» մանկապատանեկան ամսագրի խմբագիր և նույնանուն հաղորդման հեղինակ ու վարող՝ դու աշխատանքներ ես տանում լեզվի պաշտպանության և պահպանության, մատաղ սերնդի հայեցի դաստիարակության, հայ գրականությունը, որպես դրա կարևորագույն բաղադրիչ քարոզելու ուղղությամբ»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը Ֆիրա Ակյանին հանձնեց ՀՀ վարչապետի հուշամեդալը: Գրողների միության նախագահ Է. Միլիտոնյանը խոսեց ամերիկահայ մանկագրի մարդկային տեսակի մասին՝ նշելով, որ նա գրականության միջոցով իր հոգու լույսն ու ջերմությունն է փոխանցում ոչ միայն մանուկներին և վայելում է նրանց սերը ինչպես Սփյուռքում, այնպես էլ՝ Հայաստանում:
Ամերիկահայ արվեստագետին ողջույնի խոսքով շնորհավորեցին նաև Մշակույթի գործիչների հանրապետական խորհրդի նախագահ Աբգար Ափինյանը, ասմունքող Գայանե Սամվելյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և պարգևի համար՝ մանկագիր Ֆիրա Ակյանը խոստացավ շարունակել բեղուն ստեղծագործական գործունեությունը և մանուկների առօրյան ու մանկությունը լցնել պայծառ, լուսավոր գույներով:
Այնուհետև Մանկագրի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Գյումրու Կարա – Մուրզայի անվան երաժշտական քոլեջի սաները, թիվ 84 մանկապարտեզի «Զատիկներ» խումբը, Խնկո Ապոր Ազգային մանկակական գրադարանի ընթերցողները, Մարիա Խաչատրյանը, Սուսաննա Ղազարյանը, Էլեն Մուշեղյանը:
Համերգային մասում ելույթներ ունեցան նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս պրոֆեսոր, ջութակահար Անահիտ Գրիգորյանը, «Մանուկների մոլորակ» համույթը, սաքսոֆոնահար Ալեքս Ավետիսյանը, ֆլեյտահար Անուշ Ավետիսյանը, երիտասարդ երգչուհիներ Օֆելյա Համբարձումյանը և Տաթև Համբարձումյանը, Ալ․Հեքիմյանի անվ․ փողային համույթ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում