Տրետյակովյան պատկերասրահում բացվելու է Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը

«Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը» նոյեմբերի 15-ին մեկնարկելու են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում Մարտիրոս Սարյանի աշխատանքների մեծ ցուցադրանքի բացումով։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանի նախարար Արմեն Ամիրյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում հրավիրված հոբելյանական երեկոյին, որին ներկա են եղել նաև իրենց հավաքածուներում Սարյանի գործերից ունեցող օտարերկրյա թանգարանների ներկայացուցիչներ։

Տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը տեղեկացրել է, որ Մոսկվայի Բախրուշինի անվան թանգարանի տնօրենի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ ջանքերով հրատարակելու թատերական և բալետային ներկայացումների համար Վարպետի արած գործերի պատկերագիրքը։

Հիշեցնենք, որ նախօրեին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում մեկնարկել էր գիտաժողով` նվիրված Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնադրման 50-ամյակին: Այն շարունակվում է նաև այսօր: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և Ռուսաստանի այն թանգարանների ներկայացուցիչները, որտեղ պահվում և ցուցադրվում են 20-րդ դարի հայ գեղանկարչության նահապետ Մարտիրոս Սարյանի աշխատանքները:

Թանգարանը հիմնանորոգումից հետո բացվել է նախորդ տարվա նոյեմբերին: Եթե նախկինում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան էր այցելում տարեկան 4 հազար մարդ, ապա այս տարի այն արդեն 30 հազար այցելու է ունեցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում