Մայր Հայաստան

Գիտե՞ս, մայրիկ իմ սիրասուն,
Թե ինչու ենք
Մենք մայր ասում
Հայաստանին՝
Մեր ոստանին,
Այգի դարձած
Քարաստանին։
Որովհետև մայր է հողի,
Լույսի, ջրի ու արևի,
Մայր է գինու և խաղողի,
Մայր՝ լեռնային վտակների,
Մայր՝ ձյունապատ գագաթների։
Մեր Հայաստան մայրը բարի
Արդեն քանի հազար տարի
Զավակներ է ծնել արի
Եվ կանգնել է ընդդեմ չարի՝
Որդիներով իր քաջարի։
Եվ մենք հիմա, իմ սիրասուն,
Հայաստանին մայր ենք ասում․
Մայր՝ խնդալից քո մանկության,
Մայր՝ անսահման երջանկության,
Մայր՝ վարդագույն քաղաքների,
Մայր՝ երազի, լույսի անմար
Եվ գալիքի արևամայր։

Նանսեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Նանսեն Հարությունի Միքայելյան (մայիսի 25, 1931 – նոյեմբերի 3, 1999, Երևան, Հայաստան), հայ սովետական բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, թարգմանիչ։

Ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում: 1958թ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Նույն թվականին հրատարակվել է բանաստեղծի «Իմ գարունը» բանաստեղծությունների ժողովածուն, այնուհետև, մեկը մյուսին հաջորդել են նոր բանաստեղծությունների ժողովածուներ` «Խոյանքներ» (1960թ.), «Կապույտ կրակներ» (1963թ.), «Արև իմ, սեր իմ» (1967թ.), «Քարե քնքշանք» (1971թ.), «Կարոտի աշխարհ» (1975թ.), «Լեռանաստղեր» (1980թ.), «Թափանցող տարիներ» (1984թ.), «Թևավոր նժույգներ» (1986թ.):

1986թ. Մոսկվայում ռուսերենով լույս է տեսել նրա «Կարոտի աշխարհ» ժողովածուն: Հայերեն է թարգմանել Շիլլերի և Հայնեի ստեղծագործությունները, իսկ ռուսերենից թարգմանել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ:

Ստեղծագործություններ է գրել նաև փոքրիկերի համար` «Քուչիկն ու փուչիկը» (1959թ.), «Հուշարարն ու Ազատը» (1964թ.), «Շտապ օգնություն» (1968թ.), «Արևի բանալին» (1972թ.), «Ճուտիկների մանկապարտեզ» (1978թ.):

Հեղինակել է բազմաթիվ գրական պարոդիաներ, էպիգրամներ, կալամբուրներ, ֆելիետոններ: Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում արդիականությամբ և բանաստեղծական ձևերի թարմությամբ:

Երկար տարիներ աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում` որպես բաժնի խմբագիր: Նրա ստեղծություններից շատերը վերածվել են երգերի: Համագործակցել է կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի («Դինգ-դոնգ», «Նոր տարվա հանդես», «Եղևնին»,«Օրորոցային», «Երկու կռունկ» և այլն), Արեգ Լուսինյանի («Երաժշտական այբբենարան» երգաշար) հետ:

Հեղինակել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հեքիաթն է կանչում» հաղորդման երգի բառերը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն և այլ լեզուներով: Մահացել է Երևանում 1999-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում