Ֆրանսիայի դեսպանն առաջին ծանոթությունը Հայաստանի մշակութային ժառանգությանը սկսել է «Էրեբունի»-ից

Ֆրանսիայի և Հայաստանի մշակութային համագործակցությունն առավել կամրապնդվի 2018թ. ոչ միայն «Էրեբունի-Երևան»–ի 2800 և «Էրեբունի» թանգարանի 50 ամյակներին նվիրված տոնակատարություններին մասնակցությամբ, այլ նաև Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի անցկացմամբ: Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, ով այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանի ուղեկցությամբ դեսպանը շրջել է «Էրեբունի» միջնաբերդում, ապա ծանոթացել թանգարանի մշտական ցուցադրությանը և տպավորություններով կիսվել թանգարանի Պատվավոր հյուրերի մատյանում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ հնավայրում շրջելիս՝ դեսպանը հպարտությամբ անդրադարձել է «Էրեբունի» ամրոցի պեղումների ընթացքում Ֆրանսիայի իրականացրած ներդրումներին:

Նա փաստել է, որ Ֆրանսիայի դեսպանատան և «Էրեբունի» թանգարանի խորհրդանշական համագործակցությունը Էրեբունու հայ-ֆրանսիական արշավախմբի 8-ամյա աշխատանքներից հետո այժմ էլ շարունակվում է Լիոնի և Գրենոբլի ճարտարապետական ազգային բարձրագույն դպրոցների հետ ծավալվող բազմաբնույթ գործունեությամբ: Դեսպանն իր խոսքում հավաստիացրել է, որ տարիների համագործակցությունը, անշուշտ, կշարունակվի առաջիկայում ևս: Դիտելով թանգարանի մշտական ցուցադրությունը՝ դեսպան Լաքոտը հաճելիորեն մատնանշել է ցուցադրության բացատրագրերում և պաստառներում ֆրանսերենի առկայությունը:

Դեսպանն եղել է «Կարմիր բլուր» մասնաճյուղում, ծանոթացել Թեյշեբաինի ամրոցի պատմությանը: Ըստ աղբյուրի, մեծապես տպավորված լինելով Երևանի հնավայրերով՝ Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ հաջորդ այցելությունը կլինի Շենգավիթ հնավայր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում