Վճառական փոփոխությունների շեմին-2
Նմանատիպ
Կառավարությունում՝ երբ որոշվում է երաժշտական կոլեկտիվների բյուջեն եւ աշխատավարձերի չափը, պետք է հիանալի գիտակցեն օպերային թատրոնի, օպերային արտիստի առանձնահատուկ վիճակը:
Իր տեսակի մեջ եզակի օպերային թատրոնը, որը, ինչպես արդեն նշեցի, ընդգրկում է արվեստի բոլոր ճյուղերը, հատկապես սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը, որոնք աշխատում են երկու հերթափոխով՝ չորս ժամ + երեք ժամ, նաեւ ցերեկային կամ երեկոյան ներկայացումներ, աշխատում է մի քանի ուղղություններով` ընթացիկ ներկայացումներ, վերականգնվող ներկայացումներ, նոր ներկայացումներ, ցերեկային հատուկ ներկայացումներ դպրոցականների համար, աշխատավարձերի բարձրացման անհետաձգելի կարիք ունի:
Փաստորեն, օպերային թատրոնը արտիստի առաջին տունն է, գործունեության եւ ժամանակի մեծ մասը նա անցկացնում է թատրոնում: Նրան շատ քիչ ժամանակ է մնում զբաղվելու իր ընտանիքով, իր անձնական կյանքով: Եթե մյուս երգչախմբերում, ի վերջո, կարելի է երգել նոտաները ձեռքին, օպերային թատրոնում դա հնարավոր չէ:
Օպերային երգչախմբի արտիստը միայն երգիչ չէ, նաեւ` դերասան, այն էլ դրամատիկ դերասան: Իսկ օպերային նվագախումբը ոչ հաճելի վիճակում է, ինչպես ընդունված է ասել՝ «փոսի» մեջ է, եւ նվագում է էլեկտրական լույսի ներքո, ինչն էլ ազդում է նրա տեսողության վրա, որի համար պետք է ստանա հավելյալ գումար:
Օպերային թատրոնի եզակիությունը թելադրում է իր համար եզակի վերաբերմունք:
Օպերային թատրոնը մշտական ուշադրության, հոգածության, օգնության կարիք ունի:
Հաճելի կլիներ օպերային թատրոնի ներկայացումներին հաճախ տեսնել վարչապետին, կառավարության անդամներին, որպեսզի իրենց աչքով տեսնեն այն հրաշքը, որ իրականացնում են նվիրյալները մեծագույն ջանքերով: Դա կօգներ հասկանալու օպերային թատրոնի բարդ խոհանոցը եւ նրա յուրահատուկ վիճակը: Թատրոնի բոլոր ցավոտ խնդիրները մեկ օրում չեն առաջացել:
Դրանք կուտակվել են տարիների ընթացքում. խաղացանկային ծայրահեղ աղքատություն, ժանրային միատեսակություն, աշխատանքային ճշգրիտ գրաֆիկի բացակայություն, գեղարվեստական կազմի հուսահատ վիճակ, ամենուրեք բարձիթողի վիճակ: Բացարձակապես աշխատանք չի տարվել գեղարվեստական կազմի հետ՝ ցույց տալով թերությունները, եւ օգնել դրանց վերացմանը:
Գրադարանում եղած նոտաները ձեռքով արտագրված են, սկսած 1930-ականներից եւ այնպես են մաշված, որ երբեմն հնարավոր չէ ճանաչել նոտաները: Երկար տարիներ, ամիսը տասը-քսան անգամ վարձակալության տրված դահլիճի գումարներով կարելի էր ձեռք բերել եվրոպական մի քանի տասնյակ օպերային եւ բալետային գրականություն, տպագրել թատրոնում բեմադրելու համար անհրաժեշտ հայ կոմպոզիտորների մի շարք օպերաների եւ բալետների պարտիտուրները, կլավիրները, երգչախմբային, նվագախմբային պարտիաները:
1990-ականներին թատրոնից ժամանակավոր վերցվեց նրա մի մասը եւ տրվեց ֆիլհարմոնիկ նվագախմբի այդ թվերի ղեկավարին, որպեսզի իր ընտանիքով ապրի: Դժվար տարիներ էին, կարելի էր եւ պետք էր օգնել: Բայց, երբ նա ընտանիքով տեղափոխվեց իր նոր բնակարանը, այդ տարածքը չվերադարձվեց թատրոնին: Թատրոնի մի մեծ հատված էլ՝ 1000 քմ, պայմանագրով հանձնվել է երրորդ անձի: Իսկ թատրոնին չեն հերիքում դասասենյակներն ու փորձասրահները: Այնտեղ, որտեղ նվագախումբը հաճախ իր փորձերն է անցկացնում, անթույլատրելի է, աշխատանքային տարրական պայմանների բացակայության պատճառով:
Ներքնահարկ լինելով, չունենալով ոչ մի պատուհան, օդը հեղձուցիչ է, ինչպես ասում են՝ օդ խաղալու տեղ չկա, իսկ առաստաղի շատ ցածր լինելու, ընդհանրապես նեղվածքի պատճառով, իննսուն հոգանոց նվագախումբը խեղդվում է իր իսկ արձակած հնչյուններից. ոչինչ հնարավոր չէ որոշակի լսել, գոյացող հնչյունային ցեխի եւ դղրդյունի պատճառով:
Ընդհանրապես, թատրոնին անհրաժեշտ է ունենալ մասնաշենք՝ նվագախմբային փորձասրահ՝ 8 մ բարձրությամբ, 15 մ լայնությամբ եւ 12 մ բեմական խորությամբ, հարակից մի քանի սենյակներով:
Մեկ տարի առաջ Երեւան հրավիրված Կոնստանդին Օրբելյանը թատրոնն ընդունեց այսպիսի աղետալի վիճակում: Հասկանալի է, որ Օրբելյանը որոշ խնդիրներ լուծելու համար պետք է սկսի մաքուր էջից, որոշ խոչընդոտներ վերացնի կոշտ ճանապարհով, չդողացող ձեռքով վերափոխի, արդիականացնի թատրոնի ներքին կառուցվածքը:
Դա հեշտ չի լինի… Տեղի ունեցող կրճատումները անձերի դեմ չեն: Կրճատվում են իրար կրկնող, անհասկանալի պաշտոնները, եւ այն աշխատողները, որոնց աշխատանքը օրվա մեջ մի տեղեկանք կամ անվանացանկ տպելը կամ բազմացնելն է: Իր ղեկավարման մեկ տարում Օրբելյանի հրավերով, թատրոնի երգչախմբի հետ աշխատել է «Մետրոպոլիտեն» օպերայի երգչախմբի ղեկավարը, մեներգիչների հետ «վարպետության դասընթացներ» է անցկացրել Բարբարա Ֆրիտոլին, նույն նպատակով, դեկտեմբերին, տասն օրով, նորից է գալու «Մետրոպոլիտեն»-ի երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերը, Հյուսթոնի «Գրանդ օպերա»-ի թատերախմբի գեղարվեստական ղեկավար Դայանա Զոլան, Վարշավայի Մեծ Թատրոնի գլխավոր կոնցերտմայստեր Աննա Մարչվինսկան, Թենգլվուդի (ԱՄՆ) երաժշտական կենտրոնի Վոկալ արվեստի ծրագրի եւ Տոկիոյի «Վոկալ արվեստի միջազգային Ակադեմիա»-ի համահիմնադիր Հովարդ Վարդկինսը, ռեժիսորներ եւ պրոդյուսերներ Անդրեյս Ժագարսը (Լատվիա) եւ Պաոլո Միչիկեն (Իտալիա), որի էկրանավորած-ձեւավորված «Ահեղ Դատաստանը»՝ Վերդիի «Ռեքվիեմ»-ը, դիրիժոր Կոնստանդին Օրբելյանի ղեկավարությամբ, փայլուն եւ խորը տպավորություն թողեցին ներկա հանդիսատեսի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում