«ՌեԱնիմանիա» փառատոնի կատուն՝ երգիծական, բայց խորը իմաստով
Նմանատիպ
Փառատոների, տարբեր միջոցառումների կազմակերպիչները մեծ ուշադրություն են դարձնում պաստառներին, որոնք պետք է իրենց տեսքով նաև հանդիսատես գրավեն: Դրանք հիմնականում հետաքրքիր լուծումներով որոշակի տեղեկատվություն են հաղորդում տվյալ միջոցառման մասին:
«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի պաստառները մշտապես աչքի են ընկել իրենց հետաքրքիր լուծումներով: Այս տարվա՝ 9-րդ փառատոնինը նույնպես: Հեղինակը փառատոնի հիմնադիր տնօրեն, անիմացիոն ռեժիսոր, կինոռեժիսոր, նկարիչ և ծաղրանկարիչ Վրեժ Քասունին է:
«Նախ ես կատուներ շատ եմ սիրում, բայց չեմ սիրում պահել: Անընդհատ մտածում էի, թե ինչպես անեմ 9-րդ փառատոնի պաստառը: Հանկարծ մի օր դիմացիցս կատու է անցնում, պոչն ինը թվի նման շարժեց: Գնացի տուն և արագ նկարեցի: Լինելով ծաղրանկարիչ՝ նաև մի քիչ հումորով եմ մոտեցել: Միտքը թեև երգիծական է, բայց մեջը խորը իմաստ կա. ասում են՝ կատուն ունի ինը կյանք, հոգի, անընդհատ գցում ես, չի սատկում: Մեր փառատոնն էլ այս ինը տարիներին շատ դժվարություններ է ունեցել, շատերը միգուցե ակնկալում էին, որ կփակվի, բայց մենք շարունակում ենք մեր գործունեությունը, ինը կյանք արդեն ունենք ու դեռ շարունակելու ենք»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Քասունին:
Նա նշեց, որ նախորդ տարիների պաստառներն էլ հիմնականում իր աշխատանքներ են, համագործակցել է դիզայներ Ժիրայր Իսկենյանի հետ, 8-րդ փառատոնինը եղել է դիզայներ Մուշեղ Գարուկյանը:
«Ինձ մի քիչ խանգարում է իմ նկարիչ լինելը, չեմ կարողանում բացեիբաց համագործակցել ամեն մարդու հետ, փորձում եմ հսկել: Պետք է ձերբազատվել այլ կոմպլեքսից»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ պաստառ պատրաստելը բավականին ծախսատար է, իսկ իրենց փառատոնի բյուջեն փոքր է, ինչն իրեն սահմանափակում է պատվիրել ուրիշներին, «դրա համար առայժմ բավարարվում ենք իմ անձնական ստեղծագործություններով» :
2018-ը հոբելյանական է փառատոնի համար, անցկացվելու է 10-րդ անգամ: Վ. Քասունին արդեն որոշակի գաղափարներ ունի հոբելյանական պաստառի տեսքի հետ կապված, չնայած ցանկանում է, որ լինեն այլ առաջարկներ, գաղափարներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում