Սաակաշվիլին դժգոհ է, որ ՀՀ նախագահի երդմնակալությանը հրավիրվել է Աբխազիայի հայերի պատվիրակությունը

Վրաստանի նախագահը դժգոհ է Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից արված վերջին հայտարարություններից, որոնցում Աբխազիան նշվում է որպես կայացած հանրապետություն, հաղորդում է Грузия Online-ը:

«Դա իհարկե չի գալիս նախագահ Սերժ Սարգյանից, սակայն մի շարք պաշտոնատար անձինք իրենց թույլ են տալիս Աբխազիան հիշատակել որպես անկախ պետություն, ինչն առաջացնում է մեր դժգոհությունը»,- «Ռուստավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերով ասել է Միխեիլ Սաակաշվիլին:

Նա հիշել է նաև այն, որ Հայաստանի նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրվել են Բաղրամյանի գումարտակի անդամները, որոնք 1992-93թթ վրաց-աբխազական հակամարտության տարիներին կռվում էին վրացական ուժերի դեմ:

Նախագահը դժգոհություն է արտահայտել, որ Վրաստանի ԱԳն-ն չի արձագանքում նման դեպքերին: Սաակաշվիլին նաև նշել է, որ նա լավ հարաբերություններ ունի Հայաստանի նախագահի հետ, սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնցում պետք է որոշակի դիրքեր գրավել:
Հիշեցնենք, որ այդ արարքը հարուցել է ոչ միայն Սաակաշվիլիի այլև մի շարք վրացի ծայրահեղակնների դժգոհությունը, որոնք օրերս ցույց են կազմակերպել Վրաստանում Հայաստանի դեսպանատան առաջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում