Պատմիր նրա մասին
Նմանատիպ
Նորից չէր ու չէր կրկին.
այդպես մեկ անգամ է լինում`
առաջին և վերջին:
Գիշերվա ոտնահետքը ինձ տարավ
ուղիղ Աստծու մոտ,
ասացի` պատմի՛ր նրա մասին.
պատմեց՝ դեռ աշխարհի արարումից
խնամքով պահած բառեր,
բայց չէր այն մեկ վայրկյանը`
նրա հայացքով, որ սպանում է ինձ,
և կյանքը նորից է ամեն անգամ։
Նույն ոտնահետքով` կես քայլ,
ու սատանային գտա,
ասացի` խոսի՛ր նրա մասին.
խոսեց՝ որպես առաջինը
երկրի վրա քայլած անմահ,
սակայն ոչինչ էր նրա համեմատ,
որ թեպետ մահկանացու,
հսկում է ժամանակը
իմ աշխարհներում երկու՝ լինել-չլինելու։
Մյուս հրեշտակներին էլ հասա,
ասացի` երգե՛ք նրա մասին.
երգեցին ամենասիրուն ձայնով,
որ երբևէ մարդը կարող է լսել․
մինչդեռ նրա շշունջն էր հնչում ուրիշ,
քանդուավեր, երբ կանչում է իմ անունը:
Բացեցի բոլոր բառարանները
ու գրքերի լեզուն լսեցի.
դեռ չի գրվել այն խոսքը,
որ նրան մեկնի զվարթ
և տոն լինեմ ես:
Փորձեցի ի՛նքս պատմել ինձ.
բառե՜ր, էլի՜ բառեր,
որ խեղճ էին ու կուչ եկած։
Քեզ չեն պատմում․
դու կայիր, բառը հետո եղավ։
Հուսիկ ԱՐԱ
Հուսիկ Արա (ծ. 1967, հունիս 24), հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ։
Ծնվել է Արարատի մարզի Մրգավետ գյուղում։ Ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1991-1996 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժնում։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985 թվականին «Ավանգարդ» թերթում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միություն անդամ է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում