Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոյի բացառիկ համերգը՝ Երևանում

Նոյեմբերի 1-ին բացառիկ երեկո է սպասվում Երևանում։ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կամերային երաժշտության տանը տեղի կունենա հետաքրքիր համերգ. ելույթ կունենա Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոն՝ Բրիթ Արենդ (սոպրանո), Կլարա Ղիգո (մեցո-սոպրանո), Գիլլիան Ցամմիթ (տավիղ)։

Տավիղի և կանացի ձայների համադրությամբ համերգային ծրագիր դասական երաժշտության սիրահարները Հայաստանում դեռ չեն ունկնդրել։

Երեք երաժիշտները փորձառու են և մեծ պահանջարկ են վայելում։ Նշենք, որ տրիոն 2017 թվականին շրջագայել է՝ ելույթներ ունենալով Փարիզի և Բեռլինի հեղինակավոր բեմերում։

Համերգի ընթացքում կհնչեն Վինչենցո Բելլինիի, Գաբրիել Ֆորեի, Ռեյնալդո Հանի, Կլոդ Դեբյուսիի, Ջոակինո Ռոսինիի և այլ հեղինակների ստեղծագործություններից։

ՀՀ Նախագահի հովանու ներքո անցկացվող խաչատրյանական փառատոնը մշտապես ուշագրավ ծրագրեր է ներկայացնում հանդիսատեսին։

Սիմֆոնիկ և կամերային համերգները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 11-ը։

Կարինե ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում