Վահագ Ռաշի տարբերվող ձայնը

Կիթառի ընկերակցությամբ և ինժեներ հայրիկի ու մանկավարժ մայրիկի դուետների ձայնագրությունների տակ մեծացած Վահագն Ռուշանյանը, նույն ինքը` Վահագ Ռաշը, երաժշտարվեստ մտավ յոթ տարի առաջ: Հանդիսատեսը Վահագ Ռաշի կենդանի ձայնն առաջին անգամ լսեց 2010թ. աշնանը կայացած բարեգործական համերգի ժամանակ ու անմիջապես սիրեց: Հաջող հանձնած «առաջին քննության» մասին խոսելիս Վահագ Ռաշն առաջինը հիշում է իրեն պատած հուզմունքն ու որպես դրա հետևանք` դողացող ձայնը: Միակ «թշնամուց» ազատվելու համար, սակայն, Վահագից շատ ժամանակ չպահանջվեց: 2013-ին երգիչը «X Factor»-ի բեմում թողեց իր ողջ հուզմունքը: «Երբ դուրս եկա բեմ, սկսեցի ահավոր հուզվել: Նախ` այն պատճառով, որ բեմական փորձ չունեի, երկրորդն էլ` հիվանդ էի, ձայնս խզված էր: Ու այդ օրն այնքան հուզվեցի, որ հուզմունքս սպառվեց»,-կատակով հիշում է երգիչը:

Հենց այդպես` վախն ու հուզմունքը հաղթահարելով, սկզբում միայն ուսանողական ու բանակային ընկերների շրջապատում հայտնի երգիչը կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց հարյուր հազարավոր ունկնդիրներ: Դրա համար երաժշտական կրթություն չունենալը Վահագ Ռաշին ընդհանրապես չխանգարեց, ինչպես որ ճարտարագիտական կրթությունը չի խանգարել ո´չ իրեն, ոչ էլ հորը` Աշոտ Ռուշանյանին, զգալու ու գրելու երաժշտություն:

Մ. Մեծարենցի «Համբույրի մը մեջ», Կարմիր ծաղիկ մի գարունի», Ս. Կապուտիկյանի «Անհաս մի տենչ» բանաստեղծությունների համար Աշոտ Ռուշանյանը երաժշտություն էր գրել դեռևս 80-ականներին: Հայ դասականների գործերի հիման վրա գրված երգերը այն ժամանակ` ինքն ու կինը, հիմա արդեն որդին է երգում: «Ծնողներս մեծ դեր են ունեցել իմ կայացման գործում: Հայրս իմ ուսուցիչն ու առաջին քննադատն է եղել միշտ: Պատահում է, որ զգում եմ` երաժշտություն է ծնվում ու այն անիմաստ բառերի վրա գրում եմ, հետո փոխում եմ բառերը կամ էլ մորս եմ խնդրում, որ կարգի բերի։ Դրանով է պայմանավորված, որ իմ երգերի մի մասի խոսքերի հեղինակը մայրս է»,-ասում է երգիչը:

Երբ մուսան «ծեծում է դուռը»

Վահագ Ռաշի երգացանկում մեծ տեղ են զբաղեցնում ինչպես ծնողների, այնպես էլ իր գրած երգերը: Երաժշտությունը Վահագ Ռաշի մոտ ծնվում է հանկարծակի` հիմնականում այն ժամանակ, երբ, այսպես կոչված մուսան, որոշում է այցի գալ: Հենց այդ ժամանակ ծնված երգերն են, ինչպես օրինակ` «Ես կգամը», միանգամից հոգեհարազատ դառնում ոչ միայն հեղինակին, այլև հանդիսատեսին: Եթե Նորին մեծություն մուսան ժամանակին մի քիչ երկար մնար երգիչ-երաժշտի մոտ, ապա համակարգչի հիշողությանը հանձնված հարյուրավոր կիսատ գործեր ավարտուն երգեր կլինեին. «Երաժշտությունը տպավորությունների տակ եմ գրում, հիմնականում` երբ մենակ եմ լինում: Մեկ-երկու դեպք է եղել, որ երգը ծնվել է տղայիս քնացնելու ընթացքում ու բավականին հետաքրքիր են ստացվել: Ու նաև ասեմ ` երբ սկսում եմ գրել, պիտի մինչև վերջ գրեմ վերջացնեմ, եթե թողեցի կիսատ, հավանական է, որ այդպես էլ կմնա, ինչպես եղավ «Երջանկություն» երգի դեպքում: Վերջին կուպլետն ադպես էլ չկարողացա գրել, ոնց գրում էի, դուրս չէր գալիս»:

Սեփական գործերին երբեմն չափից շատ քննադատաբար վերաբերվող երգիչը ուրիշների քննադատությանն այդքան էլ ուշադրություն չի դարձնում, եթե,իհարկե, առողջ չի լինում: Կոմիտասի ու հայ գրականության դասակաների գործերը նոր ձևով մատուցելու համար հնչող քննադատությունները, ըստ նրա, հենց այդ շարքից են. «Ես գտնում եմ, որ հին երգերը, որոնց մի մասն արդեն մոռացվել է, պետք է ներկայացնել ժամանակից գործիքավորմամբ` չփոխելով մեղեդին, կառուցվածքը, որպեսզի նոր սերունդը լսի: Այսօր նրանք բարձրաճաշակ երաժշտության կարիք ունեն ու` ոչ միայն Հայաստանում»:

«Կարմիր ծաղիկ մը գարունի» հայտնի երգն Աշոտ Ռուշանյանի մշակմամբ ներկայացնելուց հետո Վահագ Ռաշին ուղղված քննադատությունների նոր ալիք բարձրացավ: Երգիչը, սակայն, դրանից չընկճվեց. մտերիմ ընկերոջ` Շուշան Մելիքսեթյանի կարծիքը լիովին բավարար էր սիրված երգը հանդիսատեսին նոր տարբերակով ներկայացնելու համար: «Ամիրխանյանի կատարվամբ «Կարմիր ծաղիկ մը գարունի»-ն իմ ամենասիրած երգերից մեկն է: Կարելի է ասել` ես պաշտում եմ այդ երգը: Բայց եթե որևէ երգ ինչ-որ տարբերակով լինում է, չի նշանակում, թե ուրիշ ձևով այլևս չի կարող լինել: Հորս մշակմամբ այդ երգը կիթառով ձայնագրեցի ու ուղարկեցի Շուշանին, ով բազմաթիվ երաժիշտներից շատ ավելի լավ է հասկանում երաժշտությունից, ու նա ասաց, որ անպայման ձայնագրեմ: Գործիքավորեցի ու բավականին լավ ընդունվեց: Քննադատություններ էլ եղան, բայց ուշադրություն չէի դարձնում»,-համարձակ քայլի մասին պատմում է Վահագ Ռաշը:

Մեծարենցի մյուս` ոչ պակաս գեղեցիկ գործի` «Համբույրի մը մեջ»-ի երաժշտական տարբերակը ևս ծնվեց Շուշան Մելիքսեթյանի խորհրդով: Մինչ այդ Սոնա Ռուբենյանին միայն էկրանից ճանաչող Վահագ Ռաշը երգչուհու հետ հանդես եկավ դուետով: Եվ երգը, որի երաժշտությունը տարիներ առաջ գրել էր Աշոտ Ռուշանյանը, կարճ ժամանակահատվածում սիրվեց շատ-շատերի կողմից:


Մի երգի պատմություն

«Համբույրի մը մեջ» դուետով դրվեց Վահագ Ռաշի ու Սոնա Ռուբենյանի համագործակցության, իսկ «Պար պսակի» երգով` բարեկամության սկիզբը: Այս երգի պատմության նախապատմությունը սկսվում է Անահիտ Բախշյանից: Լսելով «Համբույրի մը մեջ» կատարումը` Անահիտ Բախշյանի մոտ միտք ծագեց` Վահագին ու Սոնային առաջարկել իրագործել մոր երազանքը: Անահիտ Բախշյանին երազին հյուր եկած մայրն աղջկան խնդրում էր պահպանել կույր Պարգևի երգը, որը երգվում էր հարսանեկան արարողությունների ժամանակ: Այս ոչ սովորական պատմությունը լսելուց հետո Վահագն ու Սոնան համաձայնվեցին կատարել Անահիտ Բախշյանի խնդրանքը: Երգը լրամշակվելուց հետո ստացավ վերնագիր` «Պար պսակի» ու մեկ տարի առաջ հանձնվեց հանդիսատեսին: Ոչ սովորական պատմություն ունեցող երգը սիրվեց միանգամից ու դարձավ նոր բարեկամության սկիզբ: Կույր Պարգևի աղջիկն, ով ապրում է ԱՄՆ-ում, լսելով երգը, կապ հաստատեց Անահիտ Բախշյանի, Վահագ Ռաշի և Սոնա Ռուբենյանի հետ, և նրանց ընտանիքների միջև ամուր բարեկամություն հաստատվեց:

Բայց դրանով երգի պատմությունը չավարտվեց. Անահիտ Բախշյանի ջանքերով թողարկված սկավառակի վաճառքից հավաքվեց զգալի գումար, որը տրամադրվեց վիրավոր զինվորների համար կառուցված վերականգնողական կենտրոնին:

Վահագ Ռաշի գրեթե բոլոր երգերն էլ հետաքրքիր նախապատմություններ ունեն. մեկի` բառերը, մյուսի` երաժշտությունը, երրորդի` տեսահոլովակը: «Ես կգամ» երգի տեսահոլովակը, որը պատրաստ կլինի, հավանաբար, հաջորդ տարվա սկզբներին, իր ձևաչափով Հայաստանում առաջինը կլինի. 360 աստիճան ձևաչափով նկարահանվող տեսահոլովակը դիտելու համար պետք կլինի կրել հատուկ ակնոցներ:

Տեսահոլովակից բացի, Վահագ Ռաշի ձայնը սիրողները մյուս տարի նոր երգեր էլ կլսեն. երեք տարի առաջ գործիքավորած «Բարի արագիլը», «Արի իմ սոխակը», «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ» և այլն: Հետաքրքիրների շարքից մեկ երգ ևս` «Երգ երգի մասին» կիսատ մնացած գործը վերջապես դուրս կգա Վահագ Ռաշի համակարգչի հիշողությունից …

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում