Ամեն մարդ իր շնորհքի ու պատկերացումների շրջանակում է գնահատական տալիս.Արմեն Մարտիրոսյան

«Ուղղակի որոշները նախանձում են, որ կուսակցության այսպիսի առաջնորդ չունեն, որի հետ կարելի է հանգիստ նկարվել և առաջնորդն այդ դեպքում իրենից ձայներ չի փախցնի»,-այս մասին ասյօր ասաց «Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով իրենց քարոզչական պաստառի  քննարկումներին:

Նշենք, որ «Բարև Երևան» դաշինքի քարոզչական պաստառը բավականին լայն քննարկումների առարկա է դարձել սոցցանցերում: Պաստառում պատկերված են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության փոխնախագահ, համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը’ ձեռքերը միմյանց ափերի մեջ առած: 

Ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը տեղյակ չէ այդ քննարկումներից, բայց նրան դուր է գալիս պաստառը: Այդ աշխատանքը որևէ ընկերության չեն վստահել, պատրաստել է կուսակցության ակտիվիստներից մեկը. «Ինքը շատ լավ ձեռք ունի, որևէ խնդիր չկա: Ճաշակի խնդիր է»:

«Ամեն մարդ իր շնորհքի ու պատկերացումների շրջանակում գնահատական է տալիս, ոչ պատրաստվում եմ բանավիճել, ոչ մրցակցել: Ամեն մեկը թող իր շնորհքը ցույց տա, բացահայտի իր էությունը»,-ասաց նա և հավելեց, որ պաստառն իրեն դուր է գալիս ու քարոզչական այլ պաստառներ չեն լինելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում