Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչպես է ներգրավվելու Եվրասիական միության ձևավորմանը.Հայկ Բաբուխանյան

«Եվրասիական միության գաղափարի համար ավելի վտանգավոր է ոչ թե Եվրամիության ընդլայնումը, այլ պանթուրքիստական զարգացումները Թուրքիայից, որը վերջերս ստեղծել է Թյուրքական պետությունների պառլամենտական ասոցիացիան՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղզստան և Ղազախստան»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը:

Նրա խոսքով` Ռուսաստանը գնում է նոր բևեռի ձևավորման ճանապարհով, և արդեն ժամկետներ են դրված, որ մինչև 2015թ.-ի հունվարի 1-ը պիտի լինի ձևավորված Եվրասիական միությունը: Հայաստանը պետք է այս ընթացքում կողմնորոշվի, թե ինչ ճանապարհով է գնում և ինչպես է ներգրավվելու Եվրասիական միության ձևավորմանը: 

Նա տեղեկացրեց, որ օրերս մասնակցել և ելույթ է ունեցել Եվրասիական միության վերաբերյալ Ռուսաստանում միջխորհրդարանական բարձր մակարդակով կազմակերպված համաժողովներին, որոնց մասնակցել են նաև ԱՊՀ անդամ այլ պետությունների ներկայացուցիչներ:

Բանախոսը նշեց, որ բարձրաձայնել է այն հարցը, որ Հայաստանի համար շատ կարևոր է, թե ինչպիսի կարգավիճակ կունենա Արցախը Եվրասիական միությունում, ինչպես նաև ընդգծել, որ Հայաստանի համար անընդունելի է վերջնագրերի լեզվով խոսելը, ինչպես երբեմն անում են եվրոպացի պաշտոնյաները:

«Ուլտիմատումը, թե դուք կամ Եվրոպայի հետ եք, կամ Ռուսաստանի հետ, Հայաստանի համար անընդունելի է: Մենք պետք է զարգացնենք «և-և» սկզբունքը, որը Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է»,- նշեց Հ. Բաբուխանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում