Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հնդկաստանի նորանշանակ դեսպանին

Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ուղղեց Հնդկաստանի դեսպանին նշանակման առիթով և արդյունավետ գործունեություն մաղթեց նրան Հայաստանում:

Զրույցի ընթացքում խոսվեց երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունների, Հնդկաստանում հայ համայնքի պատմական ներկայության, ինչպես նաև Կալկաթայի հայ համայնքի և Հնդկաստանում հայկական եկեղեցիների ներկայիս վիճակի մասին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև Կալկաթայի Մարդասիրական ճեմարանի գործունեությանը’ այս առնչությամբ շնորհակալություն հայտնելով Հնդկաստանի դեսպանատանը’ Մայր Աթոռին ցուցաբերվող զորակցության համար: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ նոր դեսպանի ջանքերի շնորհիվ Մայր Աթոռի և դեսպանատան միջև հարաբերությունները կշարունակվեն հատկանշվել նույն ջերմությամբ ու արդյունավետությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում