Հայաստանը վեց ամսով ստանձնելու է ԵԽ նախագահությունը. Է. Նալբանդյան

Այսօր ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ասաց. «Հունգարիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի»: 

Ըստ Էդվարդ Նալբանդյանի՝ մայիսի 16-ից Հայաստանը վեց ամսով ստանձնելու է ԵԽ նախագահությունը:«Սա շատ կարևոր հանգրվան է Հայաստանի համար իբրև ԵԽ անդամ երկիր, բայց նաև՝ մեծ պատասխանատվություն, և մենք անհրաժեշտ ջանքեր կգործադրենք լավագույնս իրականացնելու մեր նախագահությունը:

ԵԽ նախարարների կոմիտեում մեր նախագահության գերակայությունները ձևավորելիս մենք փորձել ենք համատեղել Եվրոպայի Խորհրդի կարևոր օրակարգային և Հայաստանի համար առաջնային հանդիսացող հարցերը: Կարևորել ենք Եվրոպայի Խորհրդի բոլոր երեք ուղղությունները’ մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և ժողովրդավարություն: Շատ միջոցառումներ են նախատեսված։ Ամբողջական ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում», – ասաց Նալբանդյանը:

Այն հարցին, թե Հայաստանի նախագահության շրջանակներում կարևոր միջոցառումները որոնք են լինելու Նալբանդյանը ասաց. «Բավական կարևոր խորհրդաժողովներ, միջոցառումներ են նախատեսված խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, մշակութային, կրոնական երկխոսությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը, մշակույթը: Նախատեսված է նաև հանդիպում Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների քաղաքապետերի մակարդակով։ Մեր նախագահության շրջանակում կկայանան բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ: Հատկապես ես կցանկանայի նշել հանրապետության նախագահի նախատեսված այցելությունը Ստրասբուրգ: Մի շարք մշակութային միջոցառումներ կկազմակերպվեն, ցուցահանդեսներ, համերգներ, բայց կցանկանայի հիշատակել «Սպարտակ» բալետի ներկայացումը Ստրասբուրգում: Այսինքն, բավական մեծ է այս միջոցառումների ծրագիրը, որը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում» :

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում